Աննա Հակոբյանի աշխատակիցները՝ խորհրդարանում. պարզվում է՝ նրանց համար ՀՀ ԱԺ–ն ճաշարան է
Այսօր՝ մայիսի 18–ին, կեսօրին մոտ, NEWS.am–ի թղթակիցը խորհրդարանի բակում նկատել է Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ծառայողական մեքենաները և անվտանգության աշխատակիցներին։ Ենթադրվում էր, որ Աննա Հակոբյանը ԱԺ շենքում է։ Մենք փորձեցինք «Իմ քայլը» հիմնադրամից ճշտել, թե ի՞նչ նպատակով է Հակոբյանը այցելել ԱԺ և ու՞մ հետ է հանդիպել։
Մեր գրավոր հարցման ի պատասխան, հիմնադրամից տեղեկացրել են. «Այսօր ոչ «Իմ քայլ» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ոչ էլ նրան սպասարկող մեքենան Ազգային ժողովում չեն եղել։ Ազգային ժողովի տարածքում են եղել անվտանգության ծառայության աշխատակիցները՝ ընդմիջման նպատակով»։
Ստացվում է՝ ԱԺ–ը ճաշարա՞ն է Հակոբյանի անվտանգության աշխատակիցների համար կամ ինչու՞ էին անվտանգության աշխատակիցները երկու մեքենայով եկել ԱԺ։ Աննա Հակոբյանը պետական ծառայող չէ, ինչպե՞ս է նրա թիկնազորը մեքենաներով անարգել ելումուտ անում, գալիս ընդմիջման ԱԺ, վայելում խորհրդարանի գեղեցիկ այգին։