Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Կալաս
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը հետաքրքրված են մասնատված Եվրոպայով։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, նրա խոսքը մեջբերում է Politico-ն:
«Ինչո՞ւ են այս տերությունները ցանկանում ոչնչացնել Եվրամիությունը։ Ինչո՞ւ նրանք չեն սիրում ԵՄ-ն: Որովհետև եթե մենք միասին ենք, եթե միասին ենք գործում, ապա մենք հավասար ենք, մենք շատ ուժեղ ենք»,- ընդգծել է ԵՄ գերագույն ներկայացուցիչը։
Կայա Կալասը հավելել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը Եվրամիության նկատմամբ որդեգրել են «բաժանիր և տիրիր» քաղաքականությունը: Նա նշել է, որ «իհարկե, ավելի հեշտ է» գործ ունենալ առանձին երկրների հետ, որոնք չափերով շատ ավելի փոքր են, քան դաշինքի հետ, որն ունակ է հանդես գալու որպես հավասար ուժ:
Այս առումով ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը կոչ է արել անդամ պետություններին չթուլացնել դաշինքը՝ Վաշինգտոնի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելով։ Politico-ն հիշեցրել է. որ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի սկզբից ԵՄ մի շարք երկրներ ձգտել են պահպանել Վաշինգտոնի հետ կապի իրենց սեփական ուղիները։