ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ
«Եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի ժողովրդի օրինական և կոնկրետ պահանջները դիվանագիտական ոլորտում, ապա մարտի դաշտում պետք է սպասի պարտությունների կրկնությանը։ Ցանկացած նոր սպառնալիքի, հարձակման կամ ագրեսիայի դեպքում, թշնամին, անկասկած, կստանա անհապաղ, վճռական և վերջնական պատասխան, որը նրան կստիպի զղջալ իր գործողությունների համար»,- Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Ռեզա Թալայինիկի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։
Գեներալը կարծում է, որ Իրանի ժողովուրդը ապագայում էլ կմնա այս «պարտադրված պատերազմի» հաղթողը:
Նախօրեին Fars գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանի իշխանությունները չեն վերսկսի բանակցությունները ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հինգ պայմանը, այն է՝ պատերազմի ավարտ բոլոր ճակատներում, հատկապես՝ Լիբանանում, հակաիրանական պատժամիջոցների վերացում, իրանական միջոցների ապասառեցում, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրավունքի ճանաչում: