Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդ է վերցրել, Երևանում է
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը արձակուրդում է, Մոսկվայից եկել է Երևան։
Aysor.am-ին Գուրգեն Արսենյանը տեղեկացրել է՝ երեկվանից է արձակուրդում, այն տևելու է մինչև հունիսի 1-ը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը պնդել է նաև՝ արձակուրդ վերցնելը կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում նոր զարգացումների կամ այն հանգամանքի հետ, որ իրեն օրերս հրավիրել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոքի նոտա հղել Հայաստանին։
«Իմ արձակուրդը ի՞նչ կապ ունի այդ զարգացումների հետ: Այդ ամենը զուգադիպություն է: Արձակուրդ մեկնելու դիմումը գրել եմ մեկ ամիս առաջ»,-ասել է Արսենյանը՝ այլ հարցերի չանդրադառնալով:
Հիշեցնենք՝ Ռուսաստանը մայիսի 7-ին բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկու հնչեցրած հայտարարությունների պատճառով։
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ-ում ներկայացվել է երկրի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իր ահաբեկչական բնույթի սպառնալիքները հնչեցնելու համար հարթակ տրամադրելը անընդունելի է։ Առանձնահատուկ ընդգծվել է այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը անհրաժեշտ բացասական գնահատական չի տվել Երևանում Ռուսաստանի հասցեին Ուկրաինայի նախագահի հնչեցրած հայտարարություններին, ինչը չի բխում ՀՀ-ՌԴ գործընկերային հարաբերությունների բնույթից։
Արսենյանը պարտավորվել է զեկուցել պաշտոնական Երևանին Ռուսաստանի դիրքորոշման մասին։