ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնականին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 6-ին ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ Զարգացման ծրագրի կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի գլխավորած պատվիրակությանը։

Արփինե Սարգսյանը բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել համատեղ ծրագրերի և գրանցված արդյունքների համար։

Իվանա Ժիվկովիչն իր հերթին կարևորել է ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարությունը ՄԱԿ Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է նախարարությունում և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով մասնավորապես Քրեական և Համայնքային ոստիկանության ոլորտներին։

Անդրադառնալով Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքներին՝ նախարար Սարգսյանը նշել է, որ Ներքին գործերի նախարարության և Ոստիկանության նկատմամբ աճել է քաղաքացիների վստահությունը։ Նա ընդգծել է, որ արձանագրված ցուցանիշները նաև համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունք են։

Պատվիրակության անդամները դրական են գնահատել հետազոտության արդյունքներն ու ոլորտում գրանցված առաջընթացը։

Քննարկվել են աղետների ռիսկի կառավարման և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ իրազեկման ծրագրերին և համատեղ նախաձեռնություններին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։

Այս թեմայով
am