Ռոբերտ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, իսկ հետո դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ. Ռուբինյան
Պարոն Մինասյանը («Հայաստան» խմբակցության քարտուղար - խմբ.) կոչ է անում մեզ դիտարկել այն վարկածը, ըստ որի՝ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է թուրք-ադրբեջանական տանդեմը: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով պատգամավորի հայտարարությանը:
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել էն վարկածը, ըստ որի՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում տվել է անսահմանափակ իշխանություն, որովհետև եկեք համաձայնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին «անգլիական թագուհի» էր, իսկ հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և այդպես շարունակ, դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ:
Շատ լավ, եկեք դիտարկենք այդ տարբերակը: Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին «անգլիական թագուհուց» վերածել է բռնապետի, որը հետագայում, 10 տարի հետո էլ Հայաստանի մայրաքաղաքում էնպես արեց, կամ նրա հրամանների հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որ 10 մարդ սպանվեց»,- հայտարարեց Ռուբինյանը:
Դիմելով Մարտի 1-ի բացահայտման մասին խոսող ընդդիմադիր գործընկերներին՝ Ռուբինյանը հարց հնչեցրեց՝ ո՞վ է սպանել այդ 10 հոգուն:
«Անուշ Քլոյանը նստած է դահլիճում, ո՞վ է սպանել Գոռ Քլոյանին: Թուրք-ադրբեջանական տանդեմն է եկել Երևանի կենտրոնում սպանե՞լ, այլմոլորակայիննե՞րն են սպանել, բոլշևիկնե՞րն են սպանել»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հայտարարություններին՝ Ղարաբաղի՝ հայկական լինելու մասին, նկատեց՝ հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ նրանք իշխանությունը վերցրին ԼՂ-ում ու իրենց դրածոյին դրեցին նախագահ, որը դրանից մի քանի օր հետո լուծարման փաստաթուղթ ստորագրեց:
«Մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների հետևանքով, Դուք եք այնպես արել, որ Ղարաբաղը դադարի լինել հայկական, Ձեր գործողությունների արդյունքում»,- ընդգծեց Ռուբինյանը: