Պրահան Ալիև–Փաշինյան հարաբերությունների արդյունքն է. Մակրոնը կապ չունի այս պատմության հետ. Մուրադ Փափազյան

Մենք Ֆրանսիայում աշխատանքներ ենք տարել, քաջալերել ենք Ֆրանսիայի բոլոր կառավարություններին, որպեսզի Հայաստանի ու Ֆրանսիայի միջև կապերը սերտանան՝ դիվանագիտական, առևտրական, իսկ 2020–ի պատերչազմից հետո սեղանին դրեցինք ռազմական ոլորտում հարաբերությունների հարցը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ով Երևան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորած պատվիրակության կազմում։

Նրա խոսքով, իրենք գործել են, որպեսզի Հայաստանն ու Ֆրանսիան նոր ձևաչափով աշխուժացնեն իրենց հարաբերությունների ռազմական ոլորտում. «Նախագահ Մակրոնի մոտ մի քանի անգամ բարձրացրեցինք այդ անհրաժեշտությունը, որ  Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական հարաբերություններ ունենան։ Նախգահ Մակրոնը լսեց մեզ,  ընդհանրապես, մեզ լսում է, որովհետեւ մեր կապերը շատ ջերմ ու մտերմիկ են։ Մենք հպարտ ենք, որ Ֆրանսիան այսպիսի քայլեր է կատարում՝ զորավիգ կանգնելու Հայաստանի պետականությանը և պատրաստելու համար ապագան»,–ասաց Փափազյանը։

Անդրադառնալով Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական համագործակցության ստորագրվող փաստաթղթին, նա նշեց, որ նախ տնտեսական ոլորտում կապերը պետք է ամրանան, նաև պետք է շարունակվի ռազմական աջակցությունը. «Ֆրանսիայի կողմից կա այդ կամքը, որ շարունակեն զարգացնել, ավելի սերտ հարաբերություններ մշակվեն Հայաստանի հետ։ Հայաստանն ու Ֆրանսիան նոր մակարդակի են բերում իրենց հարաբերությունները։ Ռազմական ոլորտում ևս նոր մակարդակի կհասնեն հարաբերությունները»։

Հարցին՝ արդյոք Ֆրանսիան ցանկություն ունի մասնակցել TRIPP նախագծին, Փափազյանը պատասխանեց. «Ֆրանսիան, անշուշտ, ցանկանում է դերակատարում ունենալ տարածաշրջանում, մասնավորապես, որպեսզի Հայաստանը մենակ կլինի։ Ֆրանսիան իր քայլերով օրինակ է, և քաջալերում է այլ եվրոպական պետությունների, որ նրանք էլ իրենց մասնակցությունը բերեն և զարգացնեն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ։

Բոլոր միջազգային գագաթնաժողովներում Ֆրանսիան զորավիգ է կանգնել Հայաստանին, նա այդ գագաթնաժողովներում ներկայանում էր որպես Հայաստանի փաստաբան, Հայաստանի գլխավոր զորակցություն ցուցաբերող պետություն»։

Ինչ վերաբերում է նրան, որ նաև Մակրոնի մասնակցությամբ է տեղի ունեցել 2022–ի հոկտեմբերին Պրագայի գագաթնաժողովը, որտեղ Հայաստանի ղեկավարը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը, Մուրադ Փափազյանն ասաց. «Նախագահ Մակրոնը հերքում է իր դերակատարումը այդ որոշման հարցում։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը Մակրոնի կարիքը չունի որպեսզի իր դիրքորոշումն ունենա Արցախի վերաբերյալ։ Ֆրանսիան չի քաջալերել Հայաստանին, որ Հայաստանի կառավարությունը ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Սա Ալիև–Փաշինյան հարաբերությունների արդյունքն է։ Մակրոնը կապ չունի այս պատմության հետ։ Այդտեղ կար նաև Հայաստանի սահմանների հարցը, որ Ադրբեջանը պետարազմական գործողությունների չգնա։ Մակրոնի հիմնական մտահոգությունը այն էր, որ Հայաստանը կարողանա ապահովել իր անվտանգությունը»։

Այս թեմայով
am