Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. Փաշինյան
Մեր հարաբերություններում արդեն իսկ ձևավորվել է այնպիսի ծանրակշիռ օրակարգ, որը կանխատեսելի կերպով առաջիկայում անհրաժեշտ է լինելու քննարկել հենց գագաթնաժողովների մակարդակում՝ իհարկե, դրանց արանքում ենթադրելով, որ անհրաժեշտ է անել բավականին մանրամասն և ծավալուն աշխատանք, ինչը մինչև հիմա արվել է: Այդ մասին ԵԽ-ի և Եվրոպական հանձնաժողովի նախագահների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նեղ կազմով արդեն առիթ ունեցանք քննարկելու հարցերի բավականին լայն շրջանակ, և ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ ունենք ընդհանրական դիրքորոշումներ, և ունենք ձևավորված ըմբռնում: Սա նշանակում է, որ պատշաճ մթնոլորտ կա, որպեսզի մենք կենտրոնանանք օրակարգի իրականացման, իրագործման վրա:
Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ընթացքում ԵՄ-ի՝ մեզ ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես՝ ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում: Բազմիցս առիթ եմ ունեցել ասելու, որ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է ՀՀ ժողովրդի կողմից:
Ուզում եմ էլի անդրադառնալ մի շատ կարևոր թեմայի, որի մասին խոսեցի նաև երեկ՝ Հայաստանի աջակցման խմբի նիստի ժամանակ: Իմ գնահատականն այն է, որ բոլոր այն բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, այդ բոլոր բարեփոխումներն իրականացված են: Բարեփոխումների հետագա ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ, օրենսդրական և փորձագիտական որոշակի ավելի մեծ ներդրում, և այս առումով, իհարկե, ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է, և ես արդեն իսկ կարող եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին այս հարցում մեզ աջակցելու համար՝ սկսած դատական իշխանության անկախության երաշխիքների հետ կապված խնդիրներից, շարունակած ամենատարբեր, այդ թվում՝ հիբրիդային մարտահրավերներին դիմակայելու հարցով, որը, իհարկե, նաև մեր օրակարգի խնդիր է:
Ես մի քանի անգամ էլ ԵՄ-ում տեղի ունեցած քննարկումների ժամանակ առիթ ունեցել եմ տեսնելու, որ նաև ապատեղեկատվության տարածումը, ատելության խոսքի տարածումը սոցիալական ցանցերում, նաև երբեմն մամուլում, խնդիր է նաև ԵՄ շատ երկրների համար, և մենք այսօր առերեսվում ենք այդ պրոբլեմի հետ: Մենք հույս ունենք, որ այստեղ ևս ԵՄ-ն մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման առումով կամ այն գործիքների, որոնք արդեն ներդրվել են ԵՄ-ում: Այդ գործիքների բովանդակության շուրջ ավելի մեծ հասանելիություն ենք ակնկալում ՀՀ-ում դրանք կիրառելու համար»,- ասաց նա: