Պարգևավճարները պետք է լինեն, բայց դրանք պետք է արդարացիորեն բաշխվեն պետական ապարատի աշխատակիցների միջև, այլ ոչ թե «ուտվեն» բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարների կողմից. Արման Աբովյան
Պարգևավճարները պետք է լինեն, բայց դրանք պետք է արդարացիորեն բաշխվեն պետական ապարատի աշխատակիցների միջև, այլ ոչ թե «ուտվեն» բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարների կողմից։
Գրել է ԲՀԿ ընտրական ցուցակում ներառված Արման Աբովյանը։
«Պարգևավճա՞ր, թե՞ “պարգևաԼԱԳՅԱՆ”:
Ուզում եմ կրկին անդրադառնալ ժողովրդի համար ցավոտ թեմային՝ բարձրաստիճան պաշտոնյաներին տրվող միլիոնավոր պարգևավճարներին։
Մեջ բերեմ Գագիկ Ծառուկյանի խոսքերը , որ ոչ ոք չի ասում, որ պետական ծառայողների համար պարգևավճարները վատ բան են․ հակառակը՝ դրանք միշտ էլ եղել են խրախուսման միջոց և պետք է այդպիսին լինեն։
Սակայն այն, ինչ այսօր արվում է պետական բյուջեի հետ տարբեր նախարարների և տարատեսակ “ղեկավարների” կողմից, բացարձակապես անընդունելի է և բնավ կապ չունի դասական առումով պարգևավճարների բաշխման մեխանիզմի հետ։
Դատեք ինքներդ․ նախարարները ստանում են մինչև ինը միլիոն դրամի հասնող աննորմալ պարգևավճարներ, իսկ նրանց ենթակաները՝ այն մարդիկ, որոնք իրականում կատարում են հիմնական աշխատանքը, ստանում են չնչին գումարներ՝ իբր «պարգևավճար»-ի անվան տակ։
Ուսուցիչները, սոցիալական ոլորտի աշխատողները, շտապօգնության ծառայողները, զինվորականները, ոստիկանները, սովորական պետական ծառայողները ստանում են կոպեկներ՝ համեմատած իրենց ղեկավարների միլիոնավոր պարգևավճարների հետ։
Այն, ինչ անվանում են պարգևավճար սովորական պետական ծառայողների համար, ըստ էության վիրավորական է մարդկանց համար, իսկ այն, ինչ կոչվում է պարգևավճար նախարարների համար, պարզապես ծաղր է մարդկանց նկատմամբ։
Պարգևավճարները պետք է լինեն, բայց դրանք պետք է արդարացիորեն բաշխվեն պետական ապարատի աշխատակիցների միջև, այլ ոչ թե «ուտվեն» բարձր պաշտոն զբաղեցնող ղեկավարների կողմից։
Թե չե պարգևավճարը ոմանց համար դառնում է “պարգևաԼԱԳՅԱՆ”»: