Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին

Անցած տարվա օգոստոսին Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում, Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր. նախագահ Թրամփը՝ որպես վկա, դա նույնպես ստորագրեց: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը, և մեզ համար ու, վստահ եմ, որ նաև մեր հայ գործընկերների համար, խաղաղությունն արդեն իրականություն է: Այդ մասին ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակում՝ իր ելույթի ժամանակ, ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք դրված էին դեռ 90-ականների սկզբից: Այդ պահից ի վեր մի քանի հազար տոննա բեռ Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան: Ադրբեջանն էլ, ավելի առաջ գնալով, սկսել է առաջին անգամ դեպի Հայաստան մատակարարել մեր նավթամթերքը՝ բենզինը և դիզելը»,- ասաց նա:

Ըստ Ալիևի՝ խաղաղության օրակարգի ներքո մեկ այլ ձեռքբերում է փոխկապակցվածության հարցը:

««Թրամփի ուղին հանուն խաղաղության և բարգավաճման» հասնելու է Հայաստանով դեպի Նախիջևան, և դառնալու է Միջին միջանցքի մի մաս: Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»,- ասաց նա, ապա շնորհակալություն հայտնեց Եվրահանձնաժողովին վերջինիս դիրքորոշման համար Հայաստան-Ադրբեջան խաղաղութան գործընթացի մասով՝ միաժամանակ ընդգծելով, թե ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցաբերել նույն մոտեցումը:

Ավարտելով ելույթը՝ Ալիևը շնորհավորեց Հայաստանին ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և հայտարարեց. «Չնայած բոլոր այն մարդկանց ջանքերին, որոնք փորձում են խաթարել այս գործընթացը՝ Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, և իմ հայ գործընկերոջ ելույթը (խոսքը ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին է-խմբ.) շատ հստակ դա ընդգծեց»:

Այս թեմայով
am