ԲՀԿ-ն ներկայացրեց նախընտրական ծրագրի հիմնադրույթները. «Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան»
«Բարգավաճ Հայաստանը», որն առաջիկա Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, ներկայացրեց կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները՝ «Երաշխավորված խաղաղություն, Բարգավաճ Հայաստան» կարգախոսով:
«Մեր հիմնական և սկզբունքային շեշտադրումը երաշխավորված խաղաղության և հավասարակշռված արտաքին քաղաքականության թեզն է և դրա ապահովման մոդելներն ու մեխանիզմներն ամբողջությամբ ներկայացված են»,-ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ և ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը նշեց՝ խաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով և միջնորդներով, առանց դրանց ցանկացած համաձայնություն խոցելի է:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Արա Այվազյանի կարծիքով ՀՀ-ն զարգանալու համար ունի բոլոր նախադրյալները և երկրի խնդիրը ոչ թե փոքր լինելը կամ սակավաթիվ բնաչություն ունենալն է, այլ կառավարումը:
«Եթե մեր երկիրը ճիշտ կազամակերպվի, ունենա միասնություն և արդյունավետ պետական համակարգ, ապա մեր տաղանդաշատ, ստեղծարար և կրթված ժողովրդի հետ, շատ կարճ ժամանակում կապահովենք մեր երկրի վերելքը»,-նշեց նա:
ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ընդգծեց՝ հասկանալի է, որ ցանկացած նախընտրական քարոզարշավ և ծրագիր յուրօրինակ պոպուլիզմի մրցավազքի է վերածվում, սակայն ինքը վստահեցնում է, որ ԲՀԿ նախընտրական ծրագրում ներառված բոլոր առաջարկներն ունեն հիմնավորված տնտեսագիտական հաշվարկներ:
Նա տեղեկացրեց, որ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ամիսներ շարունակ քաղաքացիներից ստացել է հազարավոր առաջարկներ, որոնց հավաքագրման և գույքագրման հենքի վրա կազմվել է ԲՀԿ նախընտրական ծրագիրը, որը շուտով հասանելի կլինի հանրությանը: