Առանց արտաքին երաշխավորների` ցանկացած համաձայնություն խոցելի է. ԲՀԿ-ն նախընտրական ծրագիրն է ներկայացնում՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան» կարգախոսով
Առանց արտաքին երաշխավորների ցանկացած համաձայնություն խոցելի է: Այս մասին «Առաջարկ Հայաստանին» նախագծի անդամների նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակում ներառված Սուրեն Սուրենյանցը:
«Խաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով և միջնորդներով: Մեր կարգախոսն է երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, հետևաբար մեր երաշխավորված խաղաղության մոդելը արդեն իսկ մինչև բուն քարոզարշավի մեկնարկը շատ բուռն քննարկվում է քաղաքական դաշտում: Ուրախությամբ պետք է նշենք, որ այլ ընդդիմադիր կուսակցություններ ևս այդ մոդելից են խոսում, իսկ իշխանությունը սվիններով է ընդունում մեր առաջարկած այդ մոդելը: Խաղաղությունը հայտարարություն կամ հռչակագիր չէ, այն պետք է ունենա իրավական միջազգային ինստիտուցիոնալ հիմքեր:
Հակառակ պարագայում ունենալու ենք այն վիճակը, ինչ ունենք այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական որևէ իրադարձություն իշխանության փոխվել կամ չփոխվելու հանգամանքով է պայմանավորում: Առանց արտաքին երաշխավորների` ցանկացած համաձայնություն խոցելի է. սա ակնհայտ ճշմարտություն է, մանավանդ եթե հաշվի առնենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ուժային դիսբալանսը: Սա չի նշանակում վերաբանակցում, ինչպես նշում են իշխանությունները, նրանք միտումնավոր են այդ թեզերը շրջանառում՝ մանիպուլացնելու համար այն, ինչ առաջարկում ենք մենք»,- նշել է Սուրենյանցը: