Այս պատմությունը միայն Դավիթի մասին չէ. ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք. Շաքե Իսայան
Այսօր 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվել է, բայց դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։
ԱԺ նախկին պատգամավոր Շաքե Իսայանը գրել է՝ այս պատմությունը միայն Դավիթի մասին չէ, և իրեն չի էլ հետաքրքրում հարցի իրավական կողմը։
«Ինձ մտահոգում է այն մթնոլորտը, որում մենք այսօր ապրում ենք։
Մթնոլորտ, որտեղ երեխաները սկսում են վախենալ ոչ միայն սխալվելուց, այլ նույնիսկ՝ սեփական կարծիքն արտահայտելուց։
Մթնոլորտ, որտեղ «մեծանալը» աստիճանաբար սկսում է ասոցացվել ոչ թե պատասխանատվության, այլ վտանգի հետ։
Ի՞նչ ուղերձ ենք մենք տալիս մեր երեխաներին։
Որ այս պահին դեռ դպրոցում սովորող երիտասարդը կարո՞ղ է հայտնվել փակ դռների հետևում։
Որ երկխոսությունից առաջ մեր երկրում գալիս է պատի՞ժը։
Ուզո՞ւմ ենք ունենալ սերունդ, որը լուռ է, որովհետև վախենում է․․․
Պետությունը ուժեղ է ոչ թե այն ժամանակ, երբ վախեցնում է, այլ երբ վստահություն է ներշնչում իր քաղաքացիներին՝ հատկապես երիտասարդներին։
Հ․Գ․ Ի գիտություն՝ եկեղեցին այն վայրն է, որտեղ մարդը գալիս է լռության, աղոթքի և ներքին հանդարտության համար։ Այն չի կարող դառնալ ցուցադրականության, շքախմբերով մուտքերի կամ բախումների հարթակ։ Եվ ամենակարևորը՝ այնտեղ լռությունը պետք է պահպանել, ոչ թե խախտել ուժով։
Շուտափույթ ազատություն Դավիթին․․․»,- նշել է Իսայանը։