Մարտահրավերներին զուգահեռ ունենք նաև հաջողություն և հաջողությունների պատմություն. Նիկոլ Փաշինյան

Բոլորիդ ողջունում եմ «Օրբելի ֆորում-2025»-ում՝ «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով, և միանգամից ասեմ, որ այս խորագիրն ամբողջությամբ արտահայտում է ՀՀ կառավարության և կառավարող մեծամասնության աշխատանքային օրակարգը: Եվ պիտի միանգամից արձանագեմ, որ եթե երեք տարի առաջ, օրինակ, այս թեմայի առնչությամբ մենք ունեինք մարտահրավերներ, և մարտահրավերները կառավարելու ամենօրյա անհրաժեշտություն, այսօր մենք կարող ենք ասել, որ մարտահրավերներին զուգահեռ ունենք նաև հաջողություն և հաջողությունների պատմություն: Եվ ակնհայտ օրինակից չսկսեմ, այլ սկսեմ մի փոքր ավելի նախորդած իրադարձություններից և ընդգծեմ, որ հաջողությունների պատմությունը սկսվեց 2024 թվականին, երբ Հայաստանը և Ադրբեջանը սկսեցին սահմանազատման գործընթաց Տավուշի մարզում: Այս մասին «Օրբելի» վերլուծական կենտրոնի կազմակերպած համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ գործընթացը շատ բուռն քննարկումների և քննադատությունների տեղիք տվեց ՀՀ-ում, բայց ես ուզում եմ միանգամից ասել, որ ինչքան էլ այդ ընթացքում առանձնապես հեշտ չէր մեր հանրությանը պարզաբանել՝ ինչ է տեղի ունենում և ինչու, այսօր տեղի ունեցածը մեզ համար հաջողության պատմություն է: Պիտի ուղիղ ասեմ. իմ հանձնարարությամբ մեր պետական մարմինները կազմակերպում են, ես անձամբ էլ մասնակցում եմ, տարբեր այցելություններ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, մտավորականության, քաղաքական գործիչների, երբեմն՝ կուսակցական գործիչների, երբեմն՝ Սփյուռքի մեր հայրենակիցների այցելություններ սահմանազատված Կիրանց և հարակից հատվածներ՝ ցույց տալու համար, թե ինչ նկատի ունենք մենք «խաղաղության օրակարգ» ասելով: Պիտի ուղիղ և անկեղծ ասեմ՝ հետագայում մենք նաև որոշակի մոնիթորինգ ենք անում մարդկանց տպավորությունների և արձագանքի վերաբերյալ:

Ես առայժմ չունեմ որևէ՝ թեկուզ եզակի բացասական արձագանք այն ամենին, ինչ մենք տեղում ցույց ենք տալիս, և սա շատ կարևոր հաջողության պատմություն է, որն ունեցավ շարունակություն. 2024 թվականին ՀՀ-ն և Ադրբեջանը ստորագրեցին սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, և դրանք երկու երկրներում անցան վավերացման ընթացակարգեր: Սա, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային փաստաթուղթն է, որն ունի դե յուրե իրավական ուժ երկու երկրներում: Այնտեղ ամենակարևոր արձանագրումներից մեկն այն է, որ երկու երկրների միջև սահմանազատման համար բազային սկզբունք է հանդիսանալու Ալմա-Աթայի հռչակագիրը, և սա, ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման անկյունաքարային մի կետ է, ըստ որի՝ երկու երկրները, ըստ էության, արձանագրում են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակարգի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ընդունում են, որ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ, իսկ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի հետ: Այս փաստը արձանագրված է նաև նախաստորագրված Խաղաղության համաձայնագրի տեքստում, ինչպես նաև Վաշինգտոնի հռչակագրում, որն արդեն հանրահայտ փաստ է:

Մեր այս ճանապարհին հաջողության մեծագույն պատմությունը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովն էր, որի արդյունքներով ընդունվեց հռչակագիր, և նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը, և այդպիսով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատվեց խաղաղություն: Սա կարևոր և առանցքային արձանագրում է»,- նշեց նա:

Այս թեմայով
am