Դահլիճից բարձր ձայներ են լսվել, ծնողներին ոչ մի նոր բան չեն ասել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում անհետ կորածների հարցով փակ աշխատանքային քննարկումը երեկ անցավ արտակարգ իրավիճակում։ Խնդիրը միայն այն չէր, որ պետական պահպանության տասնյակ ծառայողներ էին լցրել խորհրդարանի բակ և շենք, ընդ որում՝ բակում հսկողություն իրականացնողները զինված էին: Ոչ էլ այն էր, որ քննարկումն այնքան անկազմակերպ ու փնթի էին արել, որ լսումներին մասնակցելու եկած անհետ կորածների ծնողներին ավելի շուտ չէին կանչել, որպեսզի նրանց մանրակրկիտ զննման պատճառով նիստը հայտարարված ժամից կես ժամ ուշ չսկսվեր: Ի դեպ, ծնողների մոտից հավաքել էին նաև բջջային հեռախոսները, փակ քննարկման մասնակիցներին ևս արգելված էր հեռախոսով մտնել դահլիճ։

Բայց ավելի կարևոր բան էլ կար` իշխանության ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, փորձել են ելույթների ժամանակ փափուկ բարձ դնել այս մարդկանց գլխի տակ, թե ամեն ինչ անում են, որից ներկաներն ավելի են բորբոքվել: Դահլիճից երբեմն գոռգոռոցներ, բարձր ձայներ են լսվել, որոշ ծնողներ պարբերաբար դուրս են եկել դահլիճից՝ հուզված, նյարդային վիճակով, փորձել են հանգստանալ, նորից վերադառնալ դահլիճ։

Իսկ քննարկման ժամանակ ոչ մի պաշտոնյա ու պատասխանատու որևէ  հստակ պատասխան չի տվել, թե ինչու մոտ հինգ տարի է՝ այդ մարդկանց հարցը դոփում է տեղում, և նրանք որեւէ տեղեկություն չունեն իրենց զավակներից, հարազատներից։ Հիշեցնենք․ պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորածների թիվը 195 է, այդ թվում՝ շուրջ երկու տասնյակ քաղաքացիական անձինք։

Նիստին մասնակցել են ուժային բլոկի ներկայացուցիչները, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որը 2022 թվականին ձեւավորված անհետ կորածների հանձնաժողովի նախագահն է: Նա երեկվա քննարկման հիմնական զեկուցողն էր: Ներկա են եղել պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ՄԻՊ-ը, ոստիկանապետը, միջազգային իրավական հարցերով հայաստանյան ներկայացուցիչը, վարչապետի ներկայացուցիչներ։

Ավելի քան չորս ժամ տևած նիստի ընթացքում ծնողներն այդպես էլ չեն լսել իրենց հուզող հարցի պատասխանը՝ ինչ է արվել այս ընթացքում իրենց զավակների, հարազատների հայտնաբերման ուղղությամբ, և եթե չի արվել, ապա ինչն է խանգարել։ Մյուս հարցերի խումբը վերաբերել է ԴՆԹ փորձաքննություններին: Ծնողներից շատերը համաձայն չեն այն փորձաքննությունների արդյունքների հետ, որոնք ներկայացվել են իրենց, և պահանջում են կրկնակի անկախ փորձաքննություն: ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վստահեցրել է, գրեթե երդում տվել, թե ամեն հնարավոր և անհնար աշխատանք իրականացրել են, թե կոնկրետ ինչ` ասել է, որ գաղտնիք է, չի կարող բացահայտել։

Ի դեպ, ծնողների համար նույնպես անհասկանալի է եղել, թե ինչու են որոշել քննարկումը փակ անցկացնել, եթե որևէ գաղտնի ինֆորմացիա չէին հաղորդելու։ Նրանց վրդովեցրել է նաև այն, որ որոշ գերատեսչություններ, հատկապես պաշտպանության նախարարը, նիստին չեն ներկայացել: Սկզբում պահանջել են նաև ՔԿ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի ներկայությունը՝ պատճառաբանելով, որ հենց նա է այս տարիներին զբաղվել խնդրով։ Առհասարակ` ամենից մեծ պահանջն ուղղված է եղել Քննչական կոմիտեի և ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարներին, որոնց մեղադրել են, որ թերացել են իրենց պարտականություններում: Ծնողները նկատել են, որ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես` ԱԺ նախագահը, փորձել են իրենց վրդովմունքն ուղղորդել Անդրանիկ Քոչարյանի և քննիչների կողմը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում 

Այս թեմայով
am