Հրազդան համայնքն այս պահին ընդունել և հաշվառել է Արցախից բռնի տեղահանված 4163 հայրենակցի.Սևակ Միքայելյան
Սիրելի′ հրազդանցիներ,
Հրազդան համայնքն այս պահին ընդունել և հաշվառել է Արցախից բռնի տեղահանված 4163 հայրենակցի։
Շնորհակալություն եմ հայտնում հրազդանցիներին՝ մեր հայրենակիցներին հյուրընկալելու և աջակցելու համար:
Արցախցիների համար առաջնային է կեցության ապահովման խնդիրը։ Իմ հանձնարարությամբ համայնքապետարանի աշխատակազմը և բոլոր վարչական ղեկավարներն այս ընթացքում բնակարաններով են ապահովել բազմաթիվ արցախցիների : Հրազդանում հաշվառված արցախցի մեր հայրենակիցները տեղավորվել են նաև իմ բարեկամների և մտերիմների բնակարաններում:
Հրազդանի համայնքապետարանը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ շարունակում է հոգալ մեր հայրենակիցների առաջնային լուծումներ պահանջող խնդիրները:
Ստեղծված իրավիճակում Հրազդան համայնքում ցավոք սրտի նկատվում է վարձակալությամբ տրվող բնակարանների վարձավճարների զգալի աճ։
Հասկանալի է, որ բնակարանները հանդիսանում են ձեր սեփականությունը, սակայն պետք է հաշվի առնել, որ մեր հայրենակիցներն այս պահին գտնվում են դժվարին ու ծանր իրավիճակում և ի վիճակի չեն բարձր վարձավճարներ վճարել։
Հարգելի′ հրազդանցիներ, խնդրում և կոչ եմ անում վարձավճարներ սահմանելիս հաշվի առնել, որ ընտանիքներում կան երեխաներ, ծերեր և հաշմանդամություն ունեցող անձինք:
Բնակարանների համար վարձավճարներ սահմանելիս խնդրում եմ ի նկատի ունենալ այս բոլոր հանգամանքները և նշել հնարավորինս մատչելի արժեքներ։
Հ.Գ. Միևնույն ժամանակ խնդրում եմ, եթե կան ազատ բնակարաններ, որոնք հնարավոր է ժամանակավոր, անհատույց կամ վարձակալության հիմունքներով տրամադրել Արցախի մեր հայրենակիցներին, ապա տեղեկությունները կարող եք փոխանցել Հրազդանի համայնքապետարան՝ զանգահարելով 060 70 40 10 կամ 0223 2 23 45 հեռախոսահամարներին: