Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Ադրբեջանից պատասխան քայլեր չեն արվում

Բաքվում պարբերաբար հայտարարում են, որ Հայաստանը տարածքային հավակնություններ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն, ինչպես ավելի վաղ ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա արձանագրվել է Բրյուսելում,- այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները․

«Ադրբեջանը շարունակում է զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարություններից։ Հայաստանի առաջարկն այն է, որ հիմք ընդունվի 1975 թվականի քարտեզը։ Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել այդ գործընթացը, խուսափում է քարտեզը իրավական հիմք ընդունելուց։ Մինչդեռ այդ իրավական հիմքը քաղաքական մակարդակում ամրագրված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սրանք ԽՍՀՄ վարչական սահմաններն են, որոնք ԱՊՀ անդամ պետությունները նույնպես ճանաչում են որպես պետական սահմաններ։ Փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունները մնացել են հայտարարությունների մակարդակում։ Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի, այլ ոչ թե տորպեդահարի դելիմիտացիայի գործընթացը,- նշել է նա։ 

Մարուքյանը անդրադարձլ է հարցին, թե ինչու է խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը դանդաղում․ «Հայաստանը փոխանցել է իր մոտեցումները, Ադրբեջանը պատասխանել է՝ մենք կուղարկենք մեր պատասխանները նշված ժամկետում։ Բայց ինչ պետք է անի Ադրբեջանը՝ ի պատասխան Հայաստանի վարչապետի ձեռնարկած քայլերի։ Առաջին հերթին պետք է ապաշրջափակվի Լաչինի միջանցքը և թույլ տա Լաչինի միջանցքի գերծարկումը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Պետք է սկսվի երկխոսություն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների և հարցերի որոշման նպատակով: Սակայն Ադրբեջանը այդ գործընթացը նույնպես տորպեդահարում է՝ մեղադրելով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին Բաքու չմեկնելու մեջ, ընդ որում մշտապես սպառնում է նրանց ձերբակալությամբ: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները միշտ ասել են, որ պատրաստ են հանդիպումների այն վայրերում, որոնք նախապես որոշված կլինեն։ Բնականաբար, խոսքը Բաքվի մասին չէ, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ այդ մարդիկ կմեկնեն Բաքու և չեն ձերբակալվի»։ 

Հարցին, թե ինչ է պետք անել խաղաղության գործընթացի շուրջ արդյունքի հասնելու համար, հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպանը նշել է․

«Տևական խաղաղության հասնելու համար պետք է վերականգնել վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերի։ Բացի այդ, Ադրբեջանը տապալել է բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթացը, նոր ռազմագերիներ է առևանգում, ինչ-որ դատական գործընթացներ կազմակերպում։ Վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, ադրբեջանական կողմը պետք է ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես դա արել ենք մենք, պետք է սկսվի Բաքու - Ստեփանակերտ երկխոսություն՝ միջազգային մեխանիզմներին համապատասխան։ Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղության գործընթացը՝ շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Հուսով եմ, որ երբ Հայաստանն իր պատասխանները պատրաստի Ադրբեջանին, նոր հանդիպում տեղի կունենա։ Գործընթացը չի կարող միակողմանի լինել»։ 

Այս թեմայով
am