Երևանում տեղի ունեցավ «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը





Երևանի կենտրոնում՝ «Գաֆէսճեան քանդակների պարտեզում» մեկ օր շարունակ հնչում էր ազգային երգն ու երաժշտությունը՝ մեզ բոլորիս ամուր կապելով մեր արմատներին: Ազգային ինքնության այս հավաստումը «Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնին էր։
Փառատոնի շնորհիվ ավանդական երգերն ու պարերը ներկայացվեցին էթնիկ տարբերակով՝ առանց ժամանակակից մշակումների և միայն ազգային նվագարանների (դուդուկ, բլուլ, շվի, զուռնա, պկու, կոպալ, դհոլ և այլն) նվագակցությամբ, որը փառատոնի բացառիկություններից մեկն է։ Փառատոնն անցկացվում է 2014 թվականից «Մրրո» հայ ազգային արվեստի կենտրոնի կողմից, Արսեն Գրիգորյանի (Մրրո) նախաձեռնությամբ: «Գութան»-ի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային-ավանդական երգերն ու պարերը, դրանք ավելի ճանաչելի դարձնել երիտասարդներին ու փոխանցել սերնդեսերունդ: 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընդհատված «Գութան»-ը 2023-ին կրկին իրականացվեց, շարունակելով իր առաքելությունը՝ տեր լինել մեր ազգային արժեքներին, մեր հարուստ մշակույթային ժառանգությանը և պահպանել մեր ազգային ինքնությունը։
«Գութան»-ը մեկնարկվեց ավանդույթ դարձաձկոմիտասյան լոռվա «Գութաներգ»-ով, «Բարի Լուսո»-ով, այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքը հանուն հայրենիքի զոհած քաջերի հիշատակը։
Լռությանը հետևեց «Հայե՛ր, միացե՛ք»-ի միասնականկատարումը, որը կոչ ու հորդոր էր՝ միանալու, Արցախին օգնության հասնելու։ Բազմահազար հանդիսականի և մասնակիցների սերն ու կուտակված էներգիան հասավ Արցախ, ջերմացնելու մեր քույրերի և եղբայրների սրտերը, ամրացնելու նրաց առանց այն էլ ամուր ոգին:
«Գութան»-ի ոգեղենությունը կոտրեց բոլոր փակ ուղիները, և «Գաֆէսճեան քանդակների պարտեզում» հնչեց Արցախի ձայնը:
Արցախի «Մենք ենք մեր սարերը» ազգագրական համույթի մասնակցությունը «Գութան»-ին արդեն բարի ավանդույթ է դարձել, որն այս տարի իր ձևաչափով խախտվեց Արցախի գերեվարված լինելու պատճառով: Սակայն ոչինչ չխանգարեց, որարցախյան ավանդական երգը ներկայացվի փառատոնին. Արցախցի մեր հայրենակիցները«Գութան»-ին միացել էին տեսակապի միջոցով, գործադրված մեծ ջանքերի շնորհիվ Ստեփանակերտը և Երևանը երկխոսեցին, հանդիսատեսը կարողացավ հաղորդակից դառնալ արցախյան մշակույթին:
Արցախի «Մենք ենք մեր սարերը» համույթիարտիստները, որոնց մի մասը գյուղերից ոտքով էրհասել Ստեփանակերտ, իսկ մյուս մասն էլ հացի փռի գիշերային հերթափոխից, իրենց ողջ սերը փոխանցեցին Երևանին, այնտեղից էլ ողջ աշխարհի հայությանը:
Փառատոնի հիմնադիր-ղեկավար Արսեն Գրիգորյանը տեսակապը սկսելիս դիմեց Արցախին և արցախցիներին. «Սիրելի՛ արցախցիներ, շնորհակալ ենք ձեզ, որովհետև դուք մեր արժանապատվությունն եք պահում, մեր հայրենիքն եք պահում։ Կեցցե՛ Արցախը։ Սիրելի՛ արցախցիներ, ուզում ենք իմանաք, որ ամբողջ աշխարհի հայությունն այսօր ձեզնով է ապրում, ձե՛ր դժվարությունները մե՛ր դժվարություններն են։ Եթե կան մարդիկ, որ արդեն ձեռք են քաշել և ասում են՝ թո՛ղ Արցախն ինքը իր հարցերը լուծի, չարաչար սխալվում են։ Արցախի հարցը բոլորիս հարցն է, ամբողջ աշխարհի հայության հարցն է։ 2014 թվականից Արցախը մասնակցել է «Գութան»-ին, այսօր էլ պետք է մասնակցի՝ ներկայացնելով արցախի մշակույթը, որը մեր ընդհանուր հայկական մշակութային ժառանգության կարևոր մաս է կազմում»,- ասաց Արսեն Գրիգորյանը։
«Մենք չենք հուսահատվում և թեկուզ այսպես՝ տեսակապով մասնակցում ենք «Գութան»-ին՝ մեր ազգային տոնին, որը ծառայում է մեր ինքնության, հայկական մշակույթի պահպանմանը։ Մենք բազում խոչընդոտներ ենք հաղթահարում Արցախը հայկական պահելու համար»,- հայտարարեց արցախցի արտիստներից մեկը՝ հույս հայտնելով որ մայր Հայաստանի ու սփյուռքի օգնությամբ կկարողանանք միասնաբար փրկել Արցախը։
Տեսակապով հնչող արցախյան ելույթների ընթացքում բազմահազարանոց հանդիսականըդարձավ զորեղ, նրանց վեր բարձրացրած բռունցքներում բազմապատկվեց ապրելու ու պայքարելու տենչը: Ոչ միայն արտիստներն, այլև հանդիսատեսը ձեռք ձեռքի, ուս ուսի տված պարում էին փառատոնի ողջ ընթացքում։ Մեր ազգային երգն ու պարը մեր պայքարի ու ավյունի մի մասն են, այս երգերն ու պարերը ուղեկցել են նաև մեր հզոր հայորդիներին ռազմի դաշտում։
«Գութան»-ը զվարճանքի փառատոն չէ․ այն մեր արժանապատվության, ազգային արժեքների, պայքարի ոգին պահելու, պահպանելու, սերունդներին փոխանցելու առաքելություն ունի։ Ելույթներից հետո՝ մինչև տեսակապի ավարտը, արցախցիները վստահեցրին՝ ամուր են, պայքարելու են մինչեւ վերջ, իսկ Արսեն Գրիգորյանը հավատացրեց՝ մենք Արցախի կողքին ենք, ապա հույս հայտնեց, որ հաջորդ տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում, ինչպես նախորդ տարիներին։ Փառատոնին մասնակցեցին ավանդական երգ ու պարի լավագույն խմբերը ՝ «Ակունք», «Սասնա Ծռեր», «Վան», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Տարոնցիներ», «Նուբար», «Վերադարձ», «Մասունք», «Տավրոս» (Մասիս), «Գորանի», «Ծիլք», «Արեգ», «Սեբաստացիներ», «Մարաթուկցիներ», «Արդվին», «Նժդեհ» խմբերը, որոնց կատարումներում ներառված էին հայրենասիրական երգեր, նվիրված Արցախին և արցախցիներին:
Միասնակա՛ն լինենք, պայքարե՛նք, որպեսզի 2024-ին «Գութան»-ը տեղի ունենա նաև Արցախում։