Հոկտեմբերին 7-ին Ագարակում կնշվի գյուղի վերածննդի 15-ամյակը

 

Հոկտեմբերին 7-ին Ագարակում կնշվի գյուղի վերածննդի 15-ամյակը

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն երեկ ընդունել է Սանկտ Պետերբուրգում բնակվող, ծնունդով Արագածոտնի Ագարակ գյուղից բարերար Հրաչյա Պողոսյանին։ Այս մասին գրում է ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերին Ագարակ գյուղում նախատեսվող մեծ միջոցառման` գյուղի վերածննդի 15֊ամյակը և ընկույզով շարոցի կամ ինչպես առավել հայտնի է ժողովրդի շրջանում՝ քաղցր սուջուխի փառատոնի կազմակերպմանն առնչվող հարցեր։ Միջոցառումն անցկացվելու է Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ։
Ողջունելով մշակույթի, կրթության, սպորտի և այլ ոլորտներում 150֊ից ավելի բարեգործական ծրագրեր կյանքի կոչած բարերարին՝ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշեց, որ կարևորում է հատկապես գյուղական համայնքներում ազգային փառատոների անցկացումը, ժողովրդական ավանդույթներն ու արժեքները հանրահռչակող միջոցառումները, որոնք նոր գույն են հաղորդում մարզի մշակութային կյանքին։ Մարզպետը պատրաստակամություն հայտնեց միջոցառման կազմակերպմանը բարձր մակարդակով աջակցելու։
Բարերարն էլ խոստացավ՝ փառատոնը, որում խտացված են լինելու մի քանի ուշագրավ միջոցառումներ, իսկական տոն է դառնալու ոչ միայն Ագարակի, այլև ողջ մարզի բնակիչների համար։
Հանդիպման ավարտին Հրաչյա Պողոսյանը մարզպետին նվիրեց իր մասին պատմող հաստափոր գիրքը, որը ներկայացնում է բարեգործի երկարամյա հասարակական, մարդասիրական ու հայրենանվեր գործունեությունը։ Նշենք, որ Հրաչյա Պողոսյանն իր բարեգործական գործունեության համար արժանացել է տասնյակ հեղինակավոր մրցանակների, ստացել է մի շարք «Պատվավոր քաղաքացու» կոչումներ։ Նա բազում բարեգործական ներդրումներ է կատարել նաև հայրենի Արագածոտնի մարզում։ Բարերար Հրաչյա Պողոսյանի կողմից իրականացրած 400 և ավել ծրագրերից 150-ը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը և իր հերոսներին, որոնք արտահայտված են հուշաձանների, խաչքարերի, հարթատախտակների, ֆիլմերի ու գրքերի տեսքով։ Դրանք գտնվում են թե՛ Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։
Մշակութային միջոցառման օրակարգը մշակման փուլում է,մանրամասներ կներկայացնենք առաջիկայում։

Այս թեմայով
am