11 հազար մարզիկ և հյուր․ Համահայկական 8-րդ ամառային խաղերի մեկնարկը
Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում օգոստոսի 5-ին, ժամը 21:00-ին տրվեց Համահայկական ամառային 8-րդ խաղերի մեկնարկը։ Խաղերի նպատակով Գյումրի ժամանել է ավելի քան 11 հազար մարդ: Միայն 19 մարզաձևերում մասնակից մարզիկների ու մարզուհիների թիվը 7161 է: Համահայկական խաղերի անցկացմանն աջակցելու համար հայտագրվել է մոտ 2000 կամավոր։
Խաղերի բացման հանդիսավոր միջոցառման համար կառուցվել է մեծ բեմահարթակ, տեղադրվել է լուսաձայնային ժամանակակից տեխնիկա։
Հաշվի առնելով միջոցառման բացման պաշտոնական արարողությանը հետևելու ցանկություն հայտնած մարդկանց մեծ թիվը՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղադրվել է նաև մեծ էկրան:
Աշխատանքային բարձր պատրաստվածության են բերվել ոստիկանությունը, փրկարար ծառայությունը, շտապօգնությունը։ Առաջին օգնության սպասարկում կիրականացնի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
Արդեն 25 տարի «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո Հայաստանը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Մրցումների ընթացքում Հայաստան ժամանած մարզիկները հնարավորություն կստանան ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին:
Սեփական օդանավով Գյումրի կժամանի արգենտինահայ բարերար, ազգային հերոս, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը։ Քաղաքապետը գնալու է դիմավորելու, ըստ քաղաքապետի՝ չի բացառվում, որ Թուրքիայից էլ չվերթ լինի, բայց դա դեռ հստակ չէ։
Նշենք, որ Գյումրու քաղաքային մարզադաշտից «Հրապարակը » ֆիքսել է, թե ինչպես են ընթանում նախապատրաստական աշխատանքները, պատրաստ են հանդիսատեսների աթոռները։ Նկատենք սակայն, որ մարզադաշտը դեռևս կիսադատարկ է, նախատեսված հյուրերի քանակը սպասվածից քիչ է։
Ի դեպ, տեղերի սահմանափակ լինելով պայմանավորված՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել կարող են միայն հրավիրատոմս ունեցողները։ Առանց հրավիրատոմս քաղաքային մարզադաշտ մուտքն արգելվում է։«Անհարմարություններից խուսափելու համար հորդորում ենք հրավիրատոմս չունեցող քաղաքացիներին բացման հանդիսավոր արարողությանը հետևել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրանից կամ ուղիղ եթերով։Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացումը տոն է բոլորիս համար և ուրեմն միայն տոնական ու ջերմ մթնոլորտում անցկացնենք աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին համախմբող այս միջոցառումը,-ասվում է Շիրակի մարզպետարանի հայտարարության մեջ։