Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրվել
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խաչատրյանը բուժման նպատակով Հայաստան էր տեղափոխում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, և Լաչինում տեղակայված անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները նրան տարել են անհայտ ուղղությամբ:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է» (չակերտները — խմբ․)։
Ըստ Բաքվի՝ «օգտագործելով տարբեր տեսակի զենքեր՝ նա տարբեր անձանց հետ 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ոչնչացրել է նրանց պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել (մոտ 5,5 միլիոն մանաթի / մոտ 3,2 միլիոն դոլար — խմբ․) ընդհանուր գումարի նյութական վնաս)» (չակերտները — խմբ․)։
«Սպանել են ազգությամբ 25 ադրբեջանցու, 14 հոգու պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 358 ադրբեջանցու արտաքսել օրինական բնակության վայրերից»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։
«Որոշում է կայացվել Վագիֆ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով» (չակերտները — խմբ․),- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։
Ադրբեջանական կողմը նաև նշել է, որ «նրա գտնվելու վայրը հետաքննությանը հայտնի չլինելու պատճառով նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, և 2013 թվականի նոյեմբերի 12-ին դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը» (չակերտները — խմբ․)։
«Որոնողական աշխատանքների արդյունքում Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի հուլիսի 29-ին ադրբեջանա-հայկական պետական սահմանի՝ Լաչինի սահմանային անցակետից բերման է ենթարկվել պետական սահմանային ծառայության զինծառայողների կողմից՝ փորձելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժման նպատակով մեկնել Հայաստանի Հանրապետություն։
Կապահովվի Վագիֆ Խաչատրյանին Բաքվի բժշկական հաստատություն տեղավորումը, անհրաժեշտ բուժօգնության ապահովումը, ինչպես նաև ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից նրան այցելելու համար պայմանների ստեղծումը»,- հայտնել է Ադրբեջանի դատախազությունը։