ՄԻՊ-ի իրականացրած աշխատանքները ներկայացվել են Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ գործընկերության նիստին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հունիսի 27-ից 28-ը Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին:
✅ Օրակարգում ներառված էին ՀԸԳՀ կիրարկման ճանապարհային քարտեզի կատարման վիճակն ու ոլորտային համագործակցությունն արդարադատության, ազատության և անվտանգության, մարդու իրավունքների ու ժողովրդավարության, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, աշխատանքի և տնտեսական զարգացման, կրթության, երիտասարդության հարցերի, մշակույթի, սոցիալական քաղաքականության ոլորտներում։
✅ Երկօրյա նիստերի ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցությունների շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրած զարգացումները, ինչպես նաև դեռևս արդիական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված նախաձեռնությունները։
✅ Մասնավորապես, մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտային համագործակցության հարցերի քննարկման ընթացքում Նինա Փիրումյանը թիրախային անդրադարձ է կատարել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի իրականացրած աշխատանքներին՝ ընդգծելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում փաստահավաք աշխատանքների շարունակականությունը, դրանցով արձանագրված՝ մարդկանց հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերն ու Մարդու իրավունքների պաշտպանի՝ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները:
Նա նաև հատուկ անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագծի մշտադիտարկման կառուցակարգերի կատարելագործման անհրաժեշտությանը՝ նշելով Օմբուդսմանի հաստատության դերակատարությունը։
✅ Տիկին Փիրումյանն անդրադարձել է խտրականության դեմ պայքարի կառուցակարգերի օրենսդրական ու գործնական հիմքերի ամրագրման առաջնահերթությանը, գենդերային հավասարության հարցերին, ատելության խոսքի և ատելության շարժառիթով հանցագործությունների դեմ պայքարում իրավակիրառ մարմինների կարողությունների զարգացմանը և մարդու իրավունքներին առնչվող այլ հարցերի։
ՀՀ-ԵՄ երկխոսության շրջանակներում բարձրաձայնված հարցերը շարունակական քննարկվելու են հետագա հանդիպումների ժամանակ։