Որևէ մեկի արյունը Արցախի ժողովրդի արյունից կարմիր չէ. սա գոյաբանական հարց է. Էդուարդ Շարմազանով
«Հանդիպել եմ Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչ՝ Ա․ Սելեզնյովի հետ, հանձնել եմ ՀՀ երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ՝ Վ․ Պուտինին։ ՌԴ դեսպանության ներկայացուցիչը նշեց, որ մտահոգված են Արցախում տեղի ունեցող իրավիճակով՝ հավելելով, որ այդ խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է և վաղը Մոսկվայում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանն իրենց գերատեսչության ղեկավարն այդ հարցը բարձրացնելու է»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ՝ Է․ Շարմազանովը։ Շարմազանովը նշեց, որ ՀՀ Կառավարության ղեկավարը վաղուց է հանձնել Արցախը Ադրբեջանին։
«Սերժ Սարգսյանի պաշտոնական դիրքորոշումն է եղել, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում․ դա մեր կարմիր գիծն է։ Այսօր, դժբախտաբար, այս կառավարության և Ադրբեջանի իշխանությունների սինխրոն գործելաոճի արդյունքում Արցախի մեր հայրենակիցները կանգնած են ցեղասպանության վտանգի առաջ, և մեզ ոչինչ չի մնում անել, քան այսկերպ հասցնել մեր դիրքորոշումն ու Սերժ Սարգսյանի նամակը՝ ՌԴ նախագահին։
Չկա արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում, Թուրքիան ու Ադրբեջանը օգտվելով այս կառավարության թուրքամետ, պարտվողական քաղաքականությունից և աշխարհաքաղաքական շփոթությունից փորձում են վերջ տալ հայկական գործոնին տարածաշրջանում», — ասաց Շարմազանովը։
«Մենք բարձր ենք գնահատում միջազգային հանրության աջակցությունն այս հարցում, բայց դա բավարար չէ։ Ես հասկանում եմ, որ Դոնբասում պրոբլեմ կա, բայց Արցախի մեր հայրենակիցների արյունը ոչ մեկի արյունից կարմիր չէ»,- շեշտեց Է․ Շարմազանովը։