Ես երբեք չեմ խուսափել իմ պարտականություններից. Արթուր Դավթյանը չասաց, թե ինչու Փաշինյանը պատասխանատվության չի ենթարկվում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահ հայտնում է, որ որպես դատախազ ամեն ինչ արել է, որպեսզի ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանված և պահպանված լինի։
«Այո, արել եմ, վստահորեն եմ ասում։ Որպես ՀՀ գլխավոր դատախազ, իմ լիազորությունների շրջանակներում արվել է ամենը, որպեսզի իրավական գործընթացները օբյեկտիվ և արդարացի իրացվեն», - լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Դավթյանը։
Նա նշեց, թե 44-օրյա պատերազմում զոհվածների և անհետ կորածների ծնողների բողոքներում օբյեկտիվ շատ բան կար։
Հարցին, թե այդ դեպքում ինչու քրեական գործեր չեն հարուցվել, Դավթյանը պատասխանեց. «Ով է ասում՝ չի հարուցվել։ Ծնողների պահանջներով քրեական գործեր հարուցվել են, դրանով քննություն իրականացվել է, դատախազական գործիքակազմ կիրառվել է»։
Ինչ վերաբերում է ծնողների պահանջին՝ պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, Դավթյանն ասաց.
«Ես դատախազ եղած ժամանակ պատասխանել եմ այդ հարցին։ 3 տարի շարունակ ազգովին փնտրում ենք մեղավորներ, պատասխանատուներ, քննադատում ենք՝ աջերը ձախերին, սևերը սպիտակներին, դա լուծե՞լ է մեր խնդիրը։ Ես երբեք չեմ խուսափել իմ պարտականություններից։ Այսօր եկեք չշեղվենք մեր օրակարգից»։