Այս քննիչ հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար է․Սեյրան Օհանյան

«Նախ, եկեք գնահատական տանք քննիչ հանձնաժողովի գործունեությանը, ընդդիմության չմասնակցելը ինքնանպատակ չէ, որովհետև այս կազմով քննիչ հանձնաժողով ստեղծելը որևէ արդյունքի չի բերելու, քանի որ քննիչ հանձնաժողովի կազմի մեծամասնությունը իշխանական թևն է»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասում է Հայաստան խմբակցության ղեկավար՝ Սեյրան Օհանյանը։
«Այս քննիչ հանձնաժողովը ԱԺ -ի իր գործառույթների հետ զուգահեռ չի կարող այդքան մեծ, ծավալուն 44-օրյա պատերազմի հանգամանքների գնահատականը տալ այդ կարճ ժամանակահատվածում։ Այդ պատճառով մենք այլընտրանքային քննիչ հանձնաժողով էինք առաջարկել, օրենսդրական փոփոխություն կատարել, այն պետք է լիներ ԱԺ-ից դուրս։ Երբ խոսում ենք պատերազմի մասին, ապա պետք է նախ հաշվի առնել հետևյալ գործոնները․ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա օրենսդիր իշխանությանը, ուսումնասիրություն իրականացնի, թե ինչ է արել խորհրդարանը և պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, պետությունը համախմբելու և մարտական գործողությունների թատերաբեմում խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու առումով։ Երկրորդը՝ քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա գործադիր իշխանությանը, թե ինչ է արել այն պետական կառավարման և ռազմական համակարգում, երկիրը ռազմական ռելսերի վրա փոխադրելու, բանակին թիկունք կանգնելու և նրա մոբիլիզացիան իրականացնելու առումով։ Այնինչ մոբիլիզացիա չի արվել, այն փորձել են փոխարինել կամավորական ջոկատների ստեղծմամբ։ Ես չեմ ուզում թերագնահատել այդ ջոկատների գործունեությունը, սակայն պետք է շեշտեմ, որ անհրաժեշտ էր բանակում շարունակական համալրումներ իրականացնել՝ ռազմական վերահսկողությունը կայունացնելու նպատակով։ Ի՞նչ է արել պետությունը ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման առումով։ Ավելին, ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման բացակայության պայմաններում, երբ տիրում է համատարած անօրինականություն, խուճապ, անհրաժեշտ էր խստացված ռեժիմով աշխատել, արագացված քննություններ իրականացնել, մարտական գործողությունների տարբեր թատերաբեմում, տարբեր զորամասերում արտագնա դատական նիստեր իրականացնել։Ի՞նչ է արել պետությունը, երբ խրախուսել է նահանջի ամբողջ ճանապարհը։ Պատերազմի հանգամանքները դեռևս ամբողջովին չքննած, տեսեք, թե ովքեր են ՀՀ-ում գեներալին հավասար տարբեր դասային աստիճաններ ստանում»,-ասում է Ս․ Օհանյանը։ Ս․ Օհանյանը նկատեց, որ քննիչ հանձնաժողովի ներկա կազմն ի վիճակի չէ օբյեկտիվ քննություն իրականացնել։
«Մենք առաջարկել էինք այլ քննիչ հանձնաժողով, որտեղ համախոհությամբ և համաչափ կստեղծվեր այդ կազմը, օրինակ՝ չորս հոգի իշխանությունից, չորս հոգի՝ ընդդիմությունից, փորձագիտական վերլուծական թևից, մարդու իրավունքների պաշտպան, արցախյան ներկայացուցիչներ։ Ակնհայտ է, որ քննիչ հանձնաժողովի ներկա կազմն իր երգն է երգելու, իր կուրծքն է թմբկահարելու, այսպիսի շոուներ են կազմակերպելու, մենք էլ ասելու ենք,որ պատասխանատուն դուք եք»,- ասում է պատգամավորը։ Օհանյանը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ քննիչ հանձնաժողովում արտահայտած այն տեսակետը, թե վերջինս վստահել է բանակին, թերի է նրանով, որ բանակին պետք է ոչ միայն վստահել, այլև թիկունք կանգնել։ Սեյրան Օհանյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու է վարչապետի՝ քննիչ հանձնաժողովում ելույթ ունենալը տեղի ունենում բաց ձևաչափով, մինչդեռ մյուսները ներկայանում էին փակ ձևաչափով։ «Այս քննիչ հանձնաժողովը Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար է»,- ասաց Օհանյանը։
«Այս իշխանությունները երկիրը ղեկավարում են ձեռի հետ, ոտի վրա, առանց հասկանալու, թե ինչ է նշանակում ռազմական թատերաբեմի ուսումնասիրում, զորքերի դասավորվածություն, հակառակորդի զորքերի դասավորվածություն,հնարավոր փոփոխություններ, վերախմբավորումներ և այլն»,-ասում է Օհանյանը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե այս ամենը Նիկոլ Փաշինյանի գրպանն են գցել նախկին իշխանությունները, Սեյրան Օհանյանը հակառակ համոզմունք հայտնեց՝ հավելելով, որ այդպիսի իրավիճակի դեպքում նախկիններն ամեն ինչ կանեին Փաշինյանին իշխանությունը չհանձնելու համար։ Ավելին, Նիկոլ փաշինյանն արտաքին աշխարհին ձեռնտու ղեկավար է՝ աշխարհաքաղաքական կոնտեքստում մեր տարածաշրջանում ցանկալի արդյունքի հասնելու համար»,-եզրափակեց Ս․ Օհանյանը։

Այս թեմայով
am