Հարցով պետք է Գլխավոր դատախազությունը զբաղվի․ վարչապետը՝ Աղվան Վարդանյանի հայտարարության մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի` 100 մահապարտների վերաբերյալ հայտարարության հարցով պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին։
Պատգամավորը մեջբերեց Աղվան Վարդանյանի հարցազրույցից մի հատված, որում նա նշել է, որ «վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը դադարեցնելու համար անհրաժեշտ է 100 տղամարդ՝ քաղաքական մահապարտ, որոնք կկանգնեն մինչև վերջ և պատրաստ կլինեն երկիրը ազատել այս չարիքից, և այդ մարդիկ պետք է ռազմական ռեժիմի գործողությունների պլանը ձևակերպեն ու գնան մինչև վերջ»։
Հակոբյանը մտահոգիչ և անհագստացնող է համարում տվյալ հայտարարությունը, նշելով, որ սա արդեն ոչ միայն հայտարարություն է, այլ նաև գործողություն։ Պատգամավորը խնդրեց վարչապետին մեկնաբանություն տալ այս հարցի առնչությամբ։
Անդրադառնալով Աղվան Վարդանյանին հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցը պետք է իրեն չուղղել, այլ դրանով պետք է զբաղվի Գլխավոր դատախազությունը։

«Կարծում եմ, որ իրականում հարցը ինձ ուղղված չէ, այդ հարցով պետք է Գլխավոր դատախազությունը զբաղվի, որը իրավասու մարմինն է։ Ինչ վերաբերվում է մահապարտներին, ապա պետք է հույս հայտնել, որ այդ մահապարտների ցանկում 44-օրյա պատերազմի դասալիքների հատուկ ստորաբաժանում կլինի այդ խնդիրը լուծելու համար։ Կարծում եմ՝ «ադապտացիայի» ճիշտ մեթոդ են գտել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը ընդգծեց, որ իրենց թիմի քաղաքական ուղեգիծը հետևյալն է․ օրենքի գերակայություն և օրենքի դիկտատուրա։ 

«Բոլոր նրանք, ովքեր օրենքի գիծը կհատեն, ուրեմն օրենքով նախատեսված ուղիներով կգտնեն իրենց տեղը այս կյանքում»,- շեշտեց վարչապետը։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ առաջիկայում կմասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին և մանրամասն կներկայացնի Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը և կանդրադառնա մի շարք իրադարձությունների։

«Կառաջարկեի այդ հարցին քաղաքական մեկնաբանություն չանել, այդ հարցին պետք է արձագանքեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- եզրափակեց Փաշինյանը։

Այս թեմայով
am