Զոլավորի տարբերակ չկա՛

2023 թվական,  հունիսի 13։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 11:30-11:45-ը, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի եւ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաեւ ականանետ:

2023 թվական, հունիսի 12։ Ժամը 14:15-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ:

2023 թվական, հունիսի 9։ Ժամը 22:50-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ:

2023 թվական, հունիսի 9։ Ժամը 18:30-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա:

2023 թվական, հունիսի 8։ Ժամը 17:00-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

2023 թվական, հունիսի 7։ Ժամը 22:35-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

2023 թվական, հունիսի 6։ Ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:

Սա՝ միայն այս մի քանի օրում եւ միայն պաշտոնական տեղեկության համաձայն։ Թե թվարկումը շարունակենք, պիտի հիշեցնենք այս տարվա 6 ամիսները, 2022 թվականը, 2021 թվականը եւն։ Ցավոք, թվարկումը շարունակական է լինելու այս տարվա հունիսից հետո էլ։ Եվ սա թշնամու հետ խաղաղությանը հավատալու հետեւանքն է։ Այս մասին շատ ենք խոսել՝ հարցը քննարկելով եւ՛ ներքին եւ՛ արտաքին քաղաքականության տիրույթում։ Բայց ՀՀ շարքային քաղաքացուն շատ պարզ մի իրավիճակի բացատրություն է հետաքրքրում։

ՀՀ ՊՆ-ն ժամանակ առ ժամանակ հայտարարություն է տարածում, թե ադրբեջանական կողմը ստում է, ապատեղեկատվություն է տարածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանուները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել եւ այլն եւ այլն, հարց է ծագում՝ իսկ ինչու՞ չեն բացել։ Թուրքը ՀՀ տարածքում է, ինչու՞։ Պատասխանը չի կարող լինել՝ իբր քաղաքականությունը, իբր միջազգային արձագանքը կամ ինչ-որ այլ բան, որովհետեւ միջազգային ոչ մի նորմով ինքնապաշտպանությունն արգելված չէ։ Ավելին՝ ինքնապաշտպանությունը կարող է հարձակողական բնույթ կրել եւ տեղափոխվել նախահարձակ պետության տարածք զինված հարձակումը խափանելու եւ  նորը թույլ չտալու նպատակով։ Նույն այդ նորմերի համաձայն, ինքնապաշտպանությունը դադարեցվում է տուժող սուբյեկտի քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության վերականգնման դեպքում։

Չինքնապաշտպանվող (ցավոք, թշնամու ներկայությունը ՀՀ տարածքում դա է ապացուցում) երկրի հանդեպ այլ է լինում եւ՛ բարեկամի եւ՛ թշնամու, եւ միջազգային վերաբերմունքը։ Ուժ ցույց չտվող երկրին կարող են խղճալ եւ ոչ ավելին։ Իսկ ուժ կիրառող պետությանը ուժ չկիրառելու հորդոր կանեն եւ ոչ ավելին։ Դրա համար ռազմական հանցագործություններ (44-օրյայում ադրբեջանական ամբողջ վարքագիծը) ու միջազգային ահաբեկչություն կատարած (Բերձորի միջանցքի փակում եւ ՀՀ տարածքում դիրքավորում) Ադրբեջանի հետ ձեռք են սեղմում, մեզ խղճում։ Ադրբեջանին զենք են տալիս, մեզ՝ խղճում։ Թշնամու կողմից Արցախի օկուպացված տարածքներում ներդրումներ անում, մեզ՝ խղճում․․․

Այս խղճահարությունը մեզ չի՞ զզվացնում, չի՞ հոգնեցնում։ Հեշտ է չէ՞ անունը դնել դիվանագիտություն ու․․․ Իրապե՞ս դիվանագիտություն կարելի է կոչել այն, ինչն արժանապատվություն չունի։ Իհարկե՝ ոչ։ Ուրե՞մն։ Ուրեմն՝ մաքուր օդի կարիք կա, թթվածնի պակաս կա, ինչն էլ խանգարում է սթափ դատողությանը։ Իսկ այն հուշում է, որ միջազգային ու թշնամու հետ հարաբերություններում կամ նժույգ են լինում կամ․․․։ Զոլավորի տարբերակն այս պարագայում պարզապես չի գործում։

Գալու՛ է մեր վարգի ժամանակը։
 

Արմենուհի Մելքոնյան

Սկզբնաղբյուր`hhtert.am

Այս թեմայով
am