Իշխան Սաղաթելյանին հրում են դեպի ձորը, անգամ Քոչարյանն է իրենցից հրաժարվել. Ալեն Սիմոնյան
«Իշխան Սաղաթելյանի մասով մեղք եմ համարում ինչ-որ մեկնաբանություն անել, որովհետև նման քաղաքական գործիչ քաղաքական դաշտում գոյություն չունի»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով լրագրողի այն հարցադրմանը, թե ինչ պիտի անեն իշխանությունները, եթե ընդդիմությունն իր գործողություններում հաջողության հասնի։
«Իշխան Սաղաթելյանի գործընկերներն իրեն հնարավորինս առաջ են մղում իրեն սպառելու համար, վերջինս էլ ուրախ-ուրախ, դեմքի հպարտ արտահայտությամբ գնում իրեն ձորից գցում է փոխաբերական իմաստով։ Իմ ունեցած տեղեկություններով նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը ցանկություն չունի իրենց հետ շփվելու»,-ասաց Սիմոնյանը։
«Մենք մեր կուսակցության ներսում ունեցած քննարկումների ժամանակ ներքաղաքական դաշտի հետ կապված կամ մենք չենք խոսում, կամ դա շատ փոքր մասն է կազմում, որովհետև մեր հենակետը ժողովուրդն է։ Քանի դեռ մենք ժողովրդին ինչ-որ բան բացատրելու ռեսուրսներ ունենք, կանենք դա։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի գործունեությանը, թող աշխատեն այնպես, ինչպես ճիշտ են համարում։ Իմիջիայլոց, նրանց խոսելու, արտահայտվելու ազատությունը մենք ենք տվել իրենց, թող խոսեն և հաջողեն»,- եզրափակեց Սիմոնյանը։