Համահայկական զորաշարժի կոչ ենք անում, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ. Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել, համաձայն որի երկրի համար ճակատագրական այս պահին համահայկական զորաշարժի կոչ է հնչեցվում։ Այս մասին ՀՅԴ Հայաստանի նորընտիր գերագույն մարմնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ընդունված հայատարարությունում նշվում է, որ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած ենգոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։ Նշվում է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման, ՀՀ անկախության ուղղությամբ տարվող Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ապազգային է և կործանարար։
«Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու ՀՀ պետականության ապագան։ Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական, քաղաքական լեգիտիմություն։ Այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։ Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումն օրախնդիր է և ազգային առաքելություն։ Սթափվելու, ընդվզելու, մեր պետությանն ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճառական պահն է»,-նշեց Սաղաթելյանը։
ՀՅԴ ԳՄ–ն համոզված է` իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա։
Հայտարարությամբ հաստատում են, որ համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և ազգ-բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու հայոց բանակի մարտունակությունը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց` վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու նախապայմանն ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը և դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման, դիմադրության ճակատի ձևավորմանը։