Նման իրավիճակները չեն կարող բացառվել․ ՆԳ փոխնախարարը՝ քրեականի պետի կողմից անչափահասին ծեծելու ու ոստիկանի կողմից քաղաքացուն գետնին տապալելու դեպքերի մասին
Դիլիջանի քրեականի պետի մասով կա կարգապահական վարույթ, միջադեպի մասին տեղեկատվությունը ստացել է հենց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը ու ծառայողական քննությունը հարուցել է հենց ներքին անվտանգության վարչությունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից 16-ամյա տղային ծեծելու դեպքին, ասաց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
«Ցանկացած բռնություն, բնականաբար ընդունելի չէ, իրավաչափ վարույթի շրջանակներում, եթե հաստատվի դեպքը, անձինք դուրս կգան ծառայությունից»,- ասաց նա։
Սարգսյանը անդրադարձավ նաև օրեր առաջ «Գինու փառատոն»-ի ժամանակ ոստիկանի կոմից քաղաքացուն հարվածելու և գետնին գցելու դեպքին և ասաց, որ այդ դեպքով ևս ընթանում է ծառայողական քննություն։
«Երկու աշխատակցի լիազորություններն էլ դադարեցված են։ Այս իրավիճակը ընդհանրապես չի կարող բացառվել, որովհետև գործ ունենք մեծ ծառայության հետ ու կարող են եզակի դեպքեր վրա հասնել, կարևոր է պետության արձագանքը այս դեպքերին։
Երկու դեպքում էլ իրականացվել է ծառայողական քննություն, հատուկ շեշտում եմ, որ դա հանրային հնչեղությունից հետո չի եղել, եթե ծանոթանաք ՆԳՆ հայտարարությանը, մայիսի 5-ից հետո ոստիկանությունը դադարեցրել է ծառայողի լիազորությունները, մնացած հատվածները չեն առնչվում ՆԳՆ-ին»,- ասաց Արփինե Սարգսյանը։