Անավարտ պատերազմի ու սին հույսերի հետեւանքը

44-օրյայից հետո պատերազմը  չավարտվեց։ Իսկ որ չէր ավարտվելու, հասկանալի էր արդեն նաեւ նոյեմբերի 9-ի չարագուշակ եռակողմ հայտարարությունից։ Որովհետեւ թղթի այս կտորով հանձնվեց Քարվաճառը, որտեղ պատերազմի ժամանակ  թուրքի ոտք նույնիսկ չէր մտել։ Հանձնվեց Քարվաճառը, որ հենց այդ թղթի կտորում արդեն Քելբաջար էր։ Ակնան արդեն Աղդամ էր։ Շատ կեղտոտ ու հեռահար խաղ էր սա՝ հայկական տարածքների հայապատկանության վերացմանն ուղղված։

Որ պատերազմը չէր դադարելու, դա հենց ՀՀ օրվա իշխանական աթոռները զբաղեցնողների գործելաոճից էր պարզ։ Տիգրանաշենը նրանց համար «Քյարքի» է, Սյունիքի տարածքները՝ «Էյվազլի, Չայզամի»։ Թե բա՝ խորհրդային քարտեզներով  ֆլան ու ֆստան․․․ Չենք տա հռետորական այն հարցերը, թե՝ իսկ տեղյա՞կ են արդյոք՝ ինչ ասել է քարտեզ, կամ այդ ո՞ր թվականի ու ի՞նչ քարտեզների մասին է խոսքը, կամ՝  խորհրդային տարիներին ի՞նչ սահմաններ էին կամ՝ ի՞նչ ասել է պետական ու վարչական սահման, գիտե՞ն արդյոք՝ Ադրբեջանը ու՞մ հողերի վրա է բուսնել եւն։ Չենք տա, որովհետեւ ՀՀ-ի օրվա իշխանական քաղաքականությունը վարողները եթե գիտեն նույնիսկ որեւէ հարցի պատասխան, դա իրենց պետք չէ։ Նրանց դիրքորոշումը Քելբաջարն է, Աղդամն է, Քյարքին է․․․

Թշնամին հիմար չէ, եւ նա, ի տարբերություն հայկական կողմի (ավելի ստույգ՝ ցավոք, հայկական համարվող կողմի ) ապացուցեց դա։ Ադրբեջանը 2021 թ. մայիսի 12-ին, նույն տարվա նոյեմբերի 17-ին եւ 2022 թ. սեպտեմբերին օկուպացրեց  ՀՀ տարածքներ։ Թշնամին Սյունիքի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում ամրացավ, դիրքեր ու շինություններ կառուցեց։ 2023 թ. ապրիլին Ադրբեջանի զինված ուժերը մտան Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած Տեղ գյուղի  տարածք, գրավեց հայկական հող ու նոր դիրք կառուցեց։ Թշնամին, մեր երկրում ամրացած, մեր իսկ երկրից նշանառության տակ է պահում մեր իսկ դիրքերը։

Անկեղծ լինելու համար ասենք՝ ՀՀ իշխող «վերնախավից» արդեն գլխի են ընկել, որ թշնամին փիս-փիս բաներ է անում։ Արտաքին գերատեսչության ղեկավարի աթոռը զբաղեցնողն ասում է՝ «․․․մենք ունենք մտահոգություններ, որ նաեւ հենց կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մեկ այլ դեպքում մեծ եւ մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ եւ որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»։

Ի՜նչ եք ասում՝ մտահոգություննե՞ր ունեք, որ թշնամին կանխամտածված տարածք է պոկում։ Ի՞նչ է, տարածքը ոչ կանխամտածված էլ են պոկու՞մ, կամ փոքրն ու մեծը ձեզ համար ի՞նչ տարբերություն, թուրքական անունով կոչեք՝ անցնի-գնա։

Որպես լրագրող՝ հարցեր ուղղել չեմ ուզում, պատասխանները ցավալիորեն տեսանելի են։ Բայց որպես ՀՀ շարքային քաղաքացի հարցնում եմ՝ նախ թշնամին փորձ չի անում տարածքներ պոկելու, թշնամին պոկում է այդ տարածքները, իսկ ի՞նչ է անում հայկական կողմը, փորձ արե՞լ է թշնամու պոկած հայկական տարածքները վերադարձնելու։ Ազնվորեն․․․ որպես քաղաքացի էլ այս հարցերի պատասխանը չեմ ուզում։ Իրականությու՛նն է այն տալիս։

Այնուամենայնիվ, մեր ընթերցողի համար մի փակագիծ բացենք։ Օրվա քաղաքականությունը վարողները ուզում են, որ հնարավորինս շուտ ֆիքսվի սահմանագիծը։ Վստահաբար ասում ենք՝ այս հնարավորինս շուտ ասվածը եւս մեկ ծուղակ է հայ ժողովրդի ու պետության գլխին։ Բացատրենք՝ ինչու։

Նախ՝ սահմանագիծ ֆիքսելու համար պետք է թշնամուն շպրտել մեր երկրի սահմաններից։ ՀՀ-ի «վերնախավը»  այս ուղղությամբ ոչ մի քայլ չի անում։ Եվ հետո՝ սահմանագծի ֆիքսումը (ինչպես իրենք են ձեւակերպում), գեղի կլուբում ելույթ չէ, որ շուտ արվի։ Մասնագիտական ձեւակերպմամբ՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի  գործընթացը միջազգայնորեն կարգավորված է, եւ դրանից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը: Այսինքն՝ դելիմիտացիան եւ դեմարկացիան վատ բան չեն, բայց դրանք խաղաղ ընթացք են ենթադրում, իսկ Ադրբեջանը օրեցօր ավելի ագրեսիվ է դառնում մեր նկատմամբ։ Դելիմիտացիան սահմանազատումն է, դեմարկացիան՝ սահմանանշումը: Դելիմիտացիան սահմանազատման համար անհրաժեշտ նախնական գրասենյակային աշխատանքն է, որի ժամանակ որոշվում են քարտեզները, մեթոդները եւն: Ընդգծենք՝ դելիմիտացիայի ժամանակ հստակ կոորդինատներ չեն որոշվում: Սրան արդեն հաջորդում է դեմարկացիան՝ երբ սահմանը դաշտում տեղանքով ամրացվում է: Եվ այս ամբողջ գործընթացը տարիների աշխատանք է: Եվ մեկ մասնագետի կամ մեկ գերատեսչության աշխատանք չէ: Սահմանների դելիմիտացիան եւ դեմարկացիան «միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ» հարեւան պետությունների սահմանագծի որոշումն են համապատասխան քարտեզի (դելիմիտացիա) եւ սահմանագծի անցկացումը երկրի մակերեւույթի (դեմարկացիա) վրա։ Ուշադրություն դարձնենք՝ «միջազգայի՛ն իրավունքում փոխադա՛րձ համաձայնությամբ»…

Թե ինչպես է «հայկական կողմն» ուզում այս գործընթացը շուտ ֆիքսել, հասկանալի չէ։ Համապատասխան հանձնաժողո՞վն էլ է շտապում։ Միջազգային փորձի այդքան սիրահար «հայկական կողմն» ինչու՞ չի նայում տարբեր պետությունների օրինակները, երբ գործընթացը կարող է տեւել տասնյակ տարիներ նույնիսկ։ Այդ նույն միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունները, որպես կանոն, հրաժարվում են այս գործում շտապողականությունից, որպեսզի կարողանան սեփական շահերի տեսանկյունից ավելի ճիշտ որոշումներ կայացնել: Ընդգծենք՝ սեփական շահերի տեսանկյունից։ Հիմա շուտ ֆիքսել են ուզում, որ ի՞նչ անեն։ Խաղաղությու՞ն ապահովեն։ Արդեն ասացինք՝ թշնամին հիմար չէ, որ ինքնահարգանք չունեցող կողմին թույլ տա խաղաղ ապրել։ «Հայկական կողմի» այդքան երազած շուտ ֆիքսելուց հետո կրկին հարձակվելու է։ Կրկին շուտ ֆիքսու՞մ է լինելու։

Չի՛ լինելու խաղաղություն թշնամու հետ։ Սին հույսեր են տալիս հանրությանը։ Չի՛ լինելու խաղաղություն, քանի դեռ թշնամուն չենք վռնդել ՀՀ-ի տարածքից, քանի դեռ Արցախին տեր չենք կանգնում, քանի դեռ հայկական հողերի հայապատկանությունն ենք վիճարկում, քանի դեռ․․․

Լուսանկարը՝ հեղինակի պահոցից

Արմենուհի Մելքոնյան 

Մանրամասները `hhtert.amm

Այս թեմայով
am