Եթե իշխանությունները ձգտում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, պետք է ցանկացած առիթ օգտագործեն. Երվանդ Թարվերդյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին դիվանագիտական քայլ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:
Նրա դիտարկմամբ՝ եթե Հայաստանը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հայ-թուրքական հարաբերությունները, ապա այդ ուղղությամբ ցանկացած առիթ պետք է օգտագործի:
«Անկարա մեկնելը Թուրքիայի հետ շփման նոր եզրեր գտնել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյան այնտեղ մեկնել էր այդ երկրի հրավերով: Ես օբյեկտիվորեն են մոտենում այն փաստին ինչ-որ իշխանություններն արել են: Արձանագրում եմ, որ իշխանությունը շարունակում է բոլոր հնարավորություններն ինտենսիվորեն օգտագործել»,- հավելեց քաղաքական գործիչը:
Երվանդ Թարվերդյանը հիշեցրեց, որ նախկինում էլ տարբեր պաշտոնյանների մակարդակով Թուրքիա են մեկնել այս կամ այն արարողակարգերի մասնակցելու նպատակով, պարզապես առաջին անգամ Հայաստանն ամենաբարձր մակարդակով է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցել:
«Մեր իշխանություններն այսօր ձգտում են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, այս դեպքում պետք է ցանկացած առիթ օգտագործեն: Ես ուղղակի ուզում եմ մեջբերել, որ բոլոր ժամանակներում բոլոր իշխանություններն էլ ցանկացել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել: Այս գործընթացում, սակայն կարևոր է, թե ինչ պայմաններում ու նախապայմաններով ենք փորձում այդ հարաբերությունները կարգավորել: Պետք է նկատել, որ այսօր, սակայն հանրությունը տեղեկություններ չունի, թե ինչ նախապայմաններով է տեղի ունենում հայ-թուրքական հարաբերությունների վերականգնումը»,- նշեց քաղաքական գործիչը:
Երվանդ Թարվերդյանը զարմանում է, որ Անկարա այցի ժամանակ քննադատեցին, որ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի երդմնակալության ժամանակ երկրորդ շարքում էր նստած:
«Եթե պետությունների դասակարգում ենք կատարում այնպես չէ, որ Հայաստանն իր տնտեությամբ ու զարգացմամբ առաջնակարգ պետություն է: Այնպես չէր, որ միայն Հայաստանի ներկայացուցիչն էր երկրորդ շարքում, եթե նայում ենք՝ այնտեղ կային այլ երկրների ղեկավարներ»,- նկատեց հայտնեց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահը:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Փաշինյանը մեկնել էր Անկարա՝ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար:
Հավելենք, որ Հայաստանի պատմության ընթացքում սա Երևանի՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունն է այդ արարողությանը։ Մինչ օրս Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը միայն մեկ անգամ է մասնակցել՝ 9 տարի առաջ. Էրդողանի երդմնակալությանը մասնակցել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։