Նիկոլ Փաշինյնն այցելել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի շրջանակում մրցաշարի մասնակիցների համար կազմակերպված ճամբար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանի և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ, այցելել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի շրջանակում Դիլիջանի Պարզ լճին հարող տարածքում մրցաշարի մասնակիցների համար կազմակերպված ճամբար, հանդիպել դպրոցականների հետ և հաջողություն մաղթել նրանց մրցումներում:

Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց՝ մարզային նախընտրական փուլի արգելքը հաղթահարելու և հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստանալու համար:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել՝ մասնակիցները կպահեն արդար խաղի սկզբունքն ու նախևառաջ հաճույք կստանան մրցումներից. «Երբ քննարկում էինք դպրոցականների շրջանում թիմային մրցաշար անցկացնելու գաղափարը, հասկացանք, որ խճուղավազքն է այն մարզաձևը, որը բոլորին հասանելի կլինի: Ինձ համար ամենակարևորը թիմային գաղափարն է. ձևավորվում է մարզիկ-մարզիչ-դպրոց միասնությունը, և համատեղ ուժերով շոշափելի ու կոնկրետ արդյունք է գրանցվում: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ»:

Մրցաշարի մարզային փուլերին շուրջ 2000 դպրոցական է մասնակցել Երևանի և ՀՀ մարզերի 251 դպրոցներից: Նշենք՝ հանրապետական եզրափակիչ փուլին կմասնակցեն ինչպես նախորդ տարվա մրցանակակիր դպրոցների թիմերը, այնպես էլ թիմեր, որոնք առաջին անգամ են ուժերը փորձելու «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքում:

«Այսօր իրականացավ մեր փոքրիկ երազանքի մի փուլը՝ ճամբարային ձևաչափը, որը բերկրանք ու ժպիտ է պարգևել մեր երեխաներին: Այս տարի դպրոցականներն ուժերը կչափեն 5000 մետր վազքատարածությունում: Վստահ եմ՝ պայքարը շատ թեժ է լինելու, և հաղթելու են ուժեղագույնները»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ողջունելով մրցաշարի մասնակիցներին:

Դպրոցականները ևս կիսվել են իրենց տպավորություններով ու պատմել սպասելիքների մասին. նրանք փաստել են՝ մրցաշարին մասնակցում են միայն հաղթանակի համար և ամեն ինչ անելու են դրա համար:

Երեկոյան մրցաշարի մասնակիցները հանդիպել ու զրուցել են արդեն խարույկի շուրջ: Ճամբարի շրջանակում նաև ժամանցային միջոցառումներ և ինտելեկտուալ խաղեր են կազմակերպվել:

Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք կհաղթահարեն 5000 մետր մրցատարածությունը: Վերջնարկը նախատեսվում է անցկացնել մայիսի 20-ին Պարզ լճին հարող տարածքում:

Այս թեմայով
am