ԱՆ-ում չեն մեկնաբանում Թորոսյանի գրառումը, հղում անելով Ավանեսյանի պաշտոնական հայտարարությանը
«Ես չեմ մեկնաբանում նախկին նախարար Արսեն Թորոսյանի գրառումը, բայց մեկ անգամ ևս ասում եմ, որ պաշտոնական տեղեկատվությունը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսի ժամանակ է հնչել, և կարմրուկի առաջին դեպքը եղել է բերովի, ՀՀ տարածք է բերվել այլ երկրից»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, ի պատասխան մեր հարցի, թե Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե, իր տեղեկություններով, Հայաստանում կարմրուկի տարածման դեպքը ներհիվանդանոցային է եղել:
«Իմ տեղեկություններով՝ տարածումը ներհիվանդանոցային է եղել, այսինքն՝ հիվանդանոցի ներսից է տարածվել հիվանդ երեխայից մյուսներին։ Նաև մի ինֆորմացիա կա, որ տարածման օղակում դեր է ունեցել չպատվաստված բուժաշխատողը, ինչն, ինքնին, ցավալի է»,- նշել էր Թորոսյանը։
Հիշեցնենք,որ ասուլիսում Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կարմրուկի առաջին դեպքը Հայաստան է ներթափանցել արտերկրից, հիվանդը երեխա է եղել, որից հետո վարակվել են այլ անձինք։
Հավելենք, որ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հոսպիտալացված է 19 քաղաքացի, 1-ը դուրս է գրվել:
Irakanum.am