«Զանգեզուրի միջանցք» ասելով` աջակցում եք Ադրբեջանի տարածքային նկրտումներին. Փաշինյան
«Եվրոպայում, ասելով միջանցք, մարդիկ հասկանում են երթուղիներ, որոնք տրամադրում են ավելի լավ որակով տրանսպորտային ծառայություններ։ Մենք ունենք իրավաբանորեն համաձայնեցված կետ միջանցքի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի մեր եռակողմ հայտարարության մեջ։ Այդտեղ մենք ունենք միայն մեկ կետ միջանցքի մասով, և դա Լաչինի միջանցքն է, որն այս պահին արգելափակված է»,– Բունդեսթագում ասել է ՀՀ վարչապետը։
Նույն հայտարարությունում կա 9-րդ կետը, որը տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական երթուղիների բացման մասին է։ Այնտեղ կա կետ, ըստ որի` Հայաստանը պետք է կապ ապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, բայց չկա որևէ կետ, որ այդ երթուղիները պետք լինեն Հայաստանի վերահսկողությունից դուրս։
Հայաստանը պատրաստ է նույնիսկ այսօր բացել բոլոր հաղորդակցությունները։ Բայց ամեն անգամ, երբ մենք փորձում ենք դա անել, Ադրբեջանն ասում է, որ այս երթուղիները չպետք է լինեն Հայաստանի վերահսկողության և օրենսդրության ներքո, որը բացարձակապես անընդունելի է մեզ համար: