Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը

Միջազգային հեղինակավոր Reuters գործակալությունը անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը՝ ներկայացնելով Հայաստանի իրավապահների իրականացրած գործողություններն ու դրանց քաղաքական արձագանքը։ Աղբյուրը Ծառուկյանին ներկայացնում է որպես պրոռուսական կուսակցության առաջնորդ։

Հրապարակման մեջ նշվում է, որ երեկ բավարարել է քննիչների միջնորդությունը և Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառել երկու ամսով նախնական կալանք՝ նշելով, որ նրան կասկածում են առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ և գործը վերաբերում է 2022-2024 թվականներին Իրանից շուրջ 21 միլիոն դոլարի տրանսպորտային միջոցների, վառելիքի և այլ ապրանքների ներմուծմանը, որը, ըստ քննության, իրականացվել է խարդախ ճանապարհով։

Reuters-ը նաև անդրադարձ է կատարել ձերբակալությունից առաջ խուզարկություններին Ծառուկյանի բնակարանում և նրա բիզնես գործունեության հետ առնչվող շուրջ 70 հասցեներում, այդ թվում՝ կոնյակի և ցեմենտի գործարաններում, ինչպես նաև մարզական համալիրում։ Գործակալությունը հիշեցնում է, որ Ծառուկյանի պաշտպանները հայտարարել են՝ բողոքարկելու են դատարանի որոշումը։

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում նաև քաղաքական համատեքստին։ Reuters-ը հիշեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում քննադատել էր մի շարք ընդդիմադիր ուժերի՝ հայտարարելով, որ նրանք վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության համար նրանց անվանելով «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

Միաժամանակ, ութ ընդդիմադիր քաղաքական ուժեր ձերբակալությունները որակել են քաղաքական դրդապատճառներով՝ պնդելով, որ անցած ամսվա ընտրությունները կեղծվել են, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նրանց պահանջը։

Reuters-ը ներկայացրել է նաև Ծառուկյանի կենսագրական տվյալները՝ նշելով, որ 69-ամյա նախկին աշխարհի չեմպիոն բազկամարտիկը իր կարողությունը ձևավորել է խաղատների, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում՝ Խորհրդային Միության փլուզումից հետո։

Այս թեմայով
am