«Սրանով ոչ թե ձեր ուժը, այլ ձեր անլիարժեքության բարդույթն եք ի ցույց դնում». Իվետա Տոնոյանը՝ Քննչականի հայտնի տեսանյութի մասին

Քիչ առաջ Քննչական կոմիտեն հրապարակեց հատուկ պատրաստված տեսանյութ՝ երեկ Գագիկ Ծառուկյանի տանը կատարված խուզարկությունից։

Հատուկ մոնտաժային հնարքներով տեսանյութի առնչությամբ ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Ցավակցում եմ այսօրվա Քննչական կոմիտեի բոլոր պատասխանատուներին, ովքեր, ըստ ամենայնի, իրենց մանկության տարիների տրավմաները, չկայացվածությունը, անլիարժեքության բարդույթները փորձել են արտահայտել ու իրացնել Գագիկ Ծառուկյանի տան խուզարկության տեսանյութի մոնտաժով։ Այն էնտուզիազմով, որով իրենք խուզարկությունն էին իրականացրել, նույն էնտուզիազմով էլ տեսանյութն էին մոնտաժել։

Այնինչ Գագիկ Ծառուկյանը բազմիցս հրապարակային հայտարարել է, որ սպասում է, որ իր նկատմամբ իրավական ու քրեական գործընթացներ են սկսելու, անգամ իր մորն է զգուշացրել՝ երբ գան տուն՝ խուզարկության, իրեն բերման ենթարկեն չանհանգստանա...»,- ասաց Տոնոյանը։

Նա հավելեց՝ երեկ պարզապես հարձակում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի տան վրա.

«Իբրև գետնին տապալեցին, շոու  բեմադրեցին։

Փորձում եք ձեր ուժը ցույց տա՞լ. սրանով ձեր ուժը ցույց չեք տալիս։ Ընդամենը ցույց եք տալիս, որ փորձում եք 30 հոգով գետնին տապալել  Գագիկ Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը ձեր 30-ին միաժամանակ կարող էր գետնին պառկացնել։

Այսպիսի խայտառակ նկարահանում, խայտառակ մոնտաժ...»,- նշեց Տոնոյանը՝ ընդգծելով՝ ցավ է ապրում, երբ տեսնում է, որ մեր երկրում արդարադատության համակարգը հոգևարք է ապրում։     

Այս թեմայով
am