ՌԴ շուկայում հայկական ապրանքներին արագ փոխարինում են ադրբեջանական ապրանքները. Ծառուկյան
Այսօր ռուսական շուկայում հայկական ապրանքներին շատ արագ փոխարինում են ադրբեջանական ապրանքները։ Այս մասին հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Նա նշել է` իրեն ուղղակի ապշեցնում են տնտեսության մասին Հայաստանի պատկերացումները։
«Եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների, որոնց ճանապարհով արդեն գնում է, ապա տուժելու են բոլորը։ Մենք հասել ենք նրան, որ նույնիսկ տնտեսությունն ենք բաժանում ռուսամետ-արևմտամետի։ Սա նորմալ չէ։ Գիտե՞ք` հիմա ինչ է կատարվում ռուսական շուկայում։ Հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։ Ու մինչ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։
Մեր իրական գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, մեր իրական գործարարը կարող է սնանկանալ, մեր իրական բյուջեն կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, տնտեսության իրական ճյուղեր կարող են ուղղակի ոչնչանալ:
Ես վերջին շրջանի իմ հանրային գործունեությունը կառուցել եմ ներքին համերաշխության գաղափարի շեշտադրմամբ։ Սա այն հիմնաքարն է, որի վրա պետք է կառուցվի մեր հետպատերազմյան վերականգնումը։ Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով է´լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։
Իմ մասին ասում էին, թե ընտրական պրոցես եմ մտել ունեցվածքս փրկելու համար։ Իրականում լրիվ հակառակն է. ես հրաժարվել եմ ինձ համար հանդարտ, անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել իմ երկրին։ Կարող էի շատերի նման մի կողմ քաշվել, մտածել միայն իմ ունեցվածքի մասին։ Բայց ես այդ մարդը չեմ. երբ տեսնում եմ, որ իմ երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, չեմ կարող ասել՝ դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ չի վերաբերում»,-նշել է նա։