Արդարության ժամը. Յուրա Ղարիբյանը դատարանում պատռել է տարիների լռության քողը

«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանը (առավել հայտնի որպես «Շանթի Յուրա») ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթացող հերթական նիստի ժամանակ առանցքային ցուցմունք է տվել ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի դեմ՝ բացահայտելով տարիներ շարունակ իր նկատմամբ կիրառված ապօրինի ճնշումների մանրամասները:

Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Սույն աղմկահարույց գործով անցնում է 54 անձ՝ վկաներ և տուժողներ, որոնց մեծ մասն արդեն իսկ ցուցմունքներ է տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դեմ։

Դատական նիստի ընթացքում հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը հղում կատարեց նախորդ նիստերին Ղարիբյանի հնչեցրած հայտարարություններին և հետաքրքրվեց՝ արդյո՞ք վերջինս սպառնալիքների ու ակնհայտ ճնշումների ներքո է ստիպված եղել Աղվան Հովսեփյանի որդուն փոխանցել շուրջ 500 000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Երևան» հեռուստաընկերության 50% բաժնեմասը։

Յուրա Ղարիբյանը դատարանում բացառիկ տոկունություն և կամք դրսևորեց՝ մանրամասն ներկայացնելով այն իրավական կամայականությունները, որոնց միջով ստիպված է եղել անցնել.

«Այդ տարիներին իմ ստեղծած սեփականությունն ու գույքը հափշտակելու նպատակով իմ դեմ հարուցվում էին բացարձակ շինծու քրեական գործեր։ Այդ ամենը կազմակերպվում և առաջ էր մղվում Մանվել Ղարիբյանի կողմից (խմբ.՝ Յուրա Ղարիբյանի եղբայրը, ում հետ հարաբերությունները լարված են)՝ անձամբ Աղվան Հովսեփյանի անմիջական գլխավորությամբ ու հովանավորչությամբ։ Ես ունեցել եմ հիմնավոր մտավախություն և վախ, որ ինձ կալանավորելու և դատապարտելու են։ Հեռուստաընկերության բաժնեմասի օտարման պահին իմ դեմ արդեն իսկ կային հարուցված ակնհայտորեն ուղղորդված քրեական գործեր, որոնք սկսվել էին դեռևս 2007 թվականից»։

Ղարիբյանի այս հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է, թե ինչպիսի պետական և իրավական լծակներ են օգտագործվել սեփականատիրոջից նրա օրինական բիզնեսը կորզելու և նրան լռեցնելու համար։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

 

Այս թեմայով
am