Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյան
Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի: Այս մասին ԿԸՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Դավիթ Ղազինյանի մասով ԿԸՀ-ում քննվող անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը:
«Այստեղ մենք խոսում ենք քրեական վարույթի տեսանկյունից հիմնավորվածության կամ առնչության 0 մակարդակում գտնվող իրավիճակի մասին: Փաստը նա է, ով Դավիթ Ղազինյանի հետ որևէ առնչություն չունեցող անձը խոսում է իր մասին, ինչ իրավական հիմնավորվածության մասին ենք խոսում: Անձին վերագրել մի բան՝ անձի հետ կապ չունեցող իրավիճակում ու խոսակցության պայմաններում, ուղղակի աբսուրդ է: Կքննարկենք, տեսնենք, ամեն դեպքում ես դեռ չեմ հիշում դեպք, որ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկությունը Քննչականը հանրայնացնի, դրանից հետո անցնի շուրջ 2 շաբաթ, ու դրանից հետո մենք խոսենք իբրև քրեական վարույթի ու խափանման միջոցի մասին:
Իհարկե, մենք խոսում ենք «Քաղաքացիական պայմանագրի» ԿԸՀ-ի մասին, բայց նույնիսկ այդ պայմաններում՝ նվազագույն ողջամտության դեպքում, այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի: Նպատակը հերթական վախի մթնոլորտի տարածման տեսանկյունից ցույց տալն է, որ նաև Դավիթ Ղազինյանի համար են քրեական վարույթին ուղղված գործողություն իրականացնում: Այստեսղ ոչ թե իրավաբանություն է, այլ հերթական վախի մթնոլորտի տարածումը»,- նշել է Վարդևանյանը:
Նշենք, որ այսօր ԿԸՀ-ն քննարկելու է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: