Երկրապահը, կանգնած լինելով բանակաշինության ակունքներում, այսօր էլ հավատարիմ իր առաքելությանը՝ շարունակում է լինել հայոց բանակի կողքին՝ իր փորձով, նվիրումով. Սասուն Միքայելյան

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ
Շնորհավորում եմ մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորման օրվա կապակցությամբ:
1918 թվականի այս օրը մեր ժողովուրդը, պատմական ծանրագույն ժամանակաշրջանում, կարողացավ ուժ գտնել եւ վերականգնել պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերում մարտնչող մեր նախնիներն ապացուցեցին, որ անկոտրում կամքը, միասնությունը եւ հայրենիքի հանդեպ պարտքի զգացումն ու սերը կարող են կերտել պատմություն։
Առաջին Հանրապետությունը իր գոյության կարճ ժամանակահատվածում,  ամուր հիմք դարձավ մեր վերածննդի համար՝ ցեղասպանությունից վերհառնող մեր ժողովրդի համար իր բնօրրանում վերակերտելու Պետականությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ
Պետականությունը մեզ համար ոչ միայն հաղթանակած անցյալ է, այլեւ ներկայի պատասխանատվություն եւ ապագայի առաքելություն։ Ուժեղ պետությունը կառուցվում է համախմբվածությամբ, ազգային արժեքների պահպանմամբ, կրթությամբ, անվտանգությամբ եւ հայրենիքի հանդեպ գիտակցված պատասխանատվությամբ։
Մենք, Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ, վերահաստատեցինք, որ երբ համախմբված ու միասնական ենք, մենք հզոր ենք ու անկոտրում։ Մենք պարտավոր ենք միասնական ուժով պահպանել ու ամրապնդել մեր պետությունը, հզորացնել հայրենիքը, տնտեսությունը, բանակը եւ կերտել այնպիսի ապագա, որտեղ անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը կլինեն անսասան արժեքներ։
«Եվ ի վերջո, ես համարում եմ, որ մեր պատերազմում, իհարկե, պետք է ձգտենք, փնտրենք քաղաքական լուծումներ։ Ոչ մի քաղաքական լուծում չի լինի, եթե մենք բանակցությունները, եթե մենք մեր խնդիրները չամրապնդենք ամուր բանակով։ Շատ սիրողական բան եմ ասելու։ Կնմանվենք Խրիմյան Հայրիկի թղթե գդալին։ Մեզ հրաշալի շանս է տրված։ Գոնե, ի վերջո, խելքներս գլուխներս հավաքենք, ի վերջո, ինքներս կռենք մեր ճակատագիրը, ի վերջո, ինքներս պատրաստ լինենք ամեն տեսակի արհավիրքների։ Իսկ եթե մենք ներսից ամուր եղանք, ունենանք ամուր պաշտպանված պետություն, ոչ մի տեսակի դրսի միջամտություն, ոչ մի տեսակի անակնկալ մեզ համար ցավալի չէ»,-ասում էր Վազգեն Սարգսյանը 1997թ․ հունիսի 10-ի խորհրդարանական ելույթում։
Երկրապահը, կանգնած լինելով բանակաշինության ակունքներում, այսօր էլ հավատարիմ իր առաքելությանը՝ շարունակում է լինել հայոց բանակի կողքին՝ իր փորձով, նվիրումով՝ նպաստելով մեր բանակի շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ ուժեղ պետության հիմքում հզոր բանակն է ու համազգային միասնականությունը։ Մենք բոլորս պետք է գիտակցաբար լինենք պետության կողքին, բանակի կողքին եւ ամենքս մեր ոլորտում մեր հայրենանվեր գործունեությամբ նպաստենք պետականության ամրապնդմանն ու մեր պետության հզորացմանը։ 
Հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի նահատակված հայորդիներին։
Փա՛ռք մեր ժողովրդին, հայոց բանակին, երկրապահին, ազատամարտիկներին, կամավորականներին։
Աստված պահապան մեր ազգին:
Թող մայիսյան հաղթանակները մեզ ոգեշնչեն նոր ձեռքբերումների, համազգային համախմբման, պետության ամրապնդման, խաղաղ ու էլ ավելի հզոր հայրենիքի կերտման։
Շնորհավոր տոնդ, Հայասատա՛ն

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան

Այս թեմայով
am