Մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը. Ռուբինյանը՝ «004» շրջաբերականի մասին
Իմ ձեռքում Դաշնակցության տխրահռչակ «004» շրջաբերականն է, և ես կհիմնավորեմ փաստերով, թե ինչպես է Դաշնակցության ծրագիրը, որը պատերազմի եռագլուխ կուսակցության ծրագիրն է, 2023 թվականին բերել ԼՂ հայաթափման, ինչպես է այս ծրագիրը ենթադրել Հայաստանի անկախության վերացում, ինչպես է այս ծրագրից բխում այն ամենը, ինչ անում են հիմա: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 17-ի նիստին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ մի ձեռքում պահելով Կառավարության 2025 թվականի կատարողականի մասին զեկույցը, մյուսում՝ ընդդիմության ծրագիրը:
Ռուբեն Ռուբինյանը նաև կարդաց 2022 թվականին ընդունված «004» շրջաբերականից հատված, որում, ըստ ԱԺ փոխնախագահի, նշվում է, որ Ղարաբաղում պետք է փոխել իշխանությունը, այնպես անել, որպեսզի եթե երաշխավորը որոշի Ղարաբաղը ենթարկեցնել իրեն, նաև Հայաստանն ուղիղ ենթարկեցնի իրեն, որովհետև ժամանակակից աշխարհում «ինքնիշխանությունը չափազանց մեծ ճոխություն է հայ ժողովրդի համար»: Ըստ այդմ՝ Ռուբինյանը եզրակացնում է, որ այս գործընթացում առաջին քայլը Ղարաբաղում իշխանություն փոխելն էր, և դա արվեց 2023-ին, երբ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից հետո ընդդիմությունը ծրագրում էր մի բան, բայց ստացվեց Ղարաբաղի հայաթափում:
«Նրանք այնքան զուրկ են ինքնառեֆլեկսիայի հնարավորությունից, որ չեն փոխել իրենց ծրագրերը: Հիմա նրանք ուզում են նույնն անել Հայաստանում: Նրանք ուզում են Հայաստանում փոխել իշխանությունը և Հայաստանը լուծարել, որովհետև ինչպես ասվում է «004» շրջաբերականում, ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացներն ազգային շահի դիտանկյունից երբեմն նաև ենթադրում են անկախության աստիճանի որոշ նվազում:
Ես չգիտեմ՝ ով է սա գրել, բայց մենք քաղաքականապես կտրելու ենք սա գրողի ձեռքը, որ նման հիմար մտքեր չկարողանա գրել»,-ասաց նա: