«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերության նկատմամբ կիրառվել է գրավոր նախազգուշացում. ՀՌՀ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ապրիլի 16-ին գումարել է հերթական նիստը։
ՀՌՀ-ից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված է եղել 4 հարց՝
«ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:
«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 6 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«ԱՅՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 7 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 8 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):
«Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
Հանձնաժողովը մարտի 13-ին իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի 2026 թ․ մարտի 11-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական հաղորդումներում (մարտի 11-ին՝ 3 լրատվական հաղորդում) նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «ԱՅՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:
Հանձնաժողովը որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժ՝ տուգանելով 54․306 ՀՀ դրամի չափով:
Վերջին հարցը վերաբերել է «ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:
Ցանցային օպերատորը վարչական վարույթի վերաբերյալ ներկայացրել է բացատրություններ։ Ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց կարճել «ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթը։
Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան»,- տեղեկանում ենք հաղորդագրությունից։