Իրենց ուժեղ հռչակած ձյաձյաները մանկահասակ ու նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում ընտրատասովկայի գործերում. Ալեքսանյան
Ձայնագրությունները լսել եմ, լսել եմ, որ այդ կանանցից առնվազն մեկը խոսում է ինչ-որ տղամարդու կամ կնոջ հեռուստացույց նվիրելու կամ հեռուստացույցը տալու փոխարեն գումարը տալու մասին, ինչը, բոլորդ գիտեք՝ հակաօրինական է ընտրական շրջանում: Ես էլ չեմ կարող նման բան անել, քաղաքական մյուս թիմերի ներկայացուցիչներն էլ չեն կարող նման բան անել: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որին լրագրողները հարց էին ուղղել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական կսկողության վերաբերյալ:
Պատգամավորի խոսքով՝ ով էլ նմանատիպ բան անի, պետք է համապատասխան քրեաիրավական գնահատական ստանա:
«Այդ կնոջը հեռուստացույց տալու կամ հեռուստացույցի տեղը փողը տալու ձայնագրությունն ինչի՞ մասին է: Պետք է ասեմ՝ սա չգիտեմ ինչ աստիճանի խայտառակություն է, որ իրենց ուժեղ հռչակած ձյաձյաները մանկահասակ ու նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ ընտրատասովկայի գործերում, նրանց միջոցով են փորձում այդ կեղտոտ գործը առաջ տանել՝ նրանց փաստացի դարձնելով իրենց կեղտոտ խաղերի զոհը»,- նշեց Ալեքսանյանը՝ ընդգծելով, թե իրավապահ համակարգը տեսնում է օրենքի խախտում ու պարտավոր է գնալ դրա հետևից:
«Ուրիշ բան, որ այդ մարդիկ թաքնվում են նորածին երեխաներ ունեցող կանանց թիկունքում ու այդ նորածին երեխաներ ունեցող կանանց են ստիպում ներգրավվել նմանատիպ գործերում»,- հավելեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իշխանության հասցեին հնչող մեղադրանքներին, թե կերակրող մորը ձերբակալել էին, Ալեքսանյանը նշեց՝ դա ուղղակի վախկոտ, տմարդի, թուլամորթ մարդու արարք է, որը նորածին երեխա ունեցող կնոջը ներգրավել են ընտրատասովկայի մեջ, նրա միջոցով կեղտոտ փողերի շրջանառություն կազմակերպել:
«Բա ինչի՞ իրենց ընտանիքի անդամներով չեն անում այդ կեղտոտ գործը, օրինակ՝ կալուգացի Սամոն, նրա եղբայրը, եղբոր տղան ինչու անձամբ չեն անում, այլ այդ կանանց են փուռը տալիս»
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ երկու անձ է ձերբակալվել բարեգործության վերաբերյալ օրենսդրական արգելքը խախտելու համար. ձայնագրություն էր հրապարակվել:
Ավելի ուշ Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացրել էին՝ ապրիլի 14-ին ձերբակալված «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն:
Դատարանը նույն որոշումը կայացրել է նաև կուսակցության Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ։