Ես ինքս էլ ՀՀ-ում չունեմ արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով. Փաշինյան
Այսօրվա պայմաններում մենք երբեք արդարության և արդարադատության զգացում չենք ունենալու, որովհետև ՀՀ-ում դատական և արդարադատության ու արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ: Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպման ժամանակ:
«Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պիտի լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելիս, որովհետև Հայաստանում արդարությունը և արդարադատությունը կառավարվում են մեծ մասամբ այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, մեկուսացած են, չունեն օրգանական կապ ժողովրդի հետ, նաև չունեն հաշվետվողականության ու պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ, որն իշխանության բարձրագույն կրողն է:
Այստեղ էլ մեր ֆունդամենտալ խնդիրն այն է, որ այն հենասյուներից մեկը, որը ապահովում է, պիտի լինի արդարության և արդարադատության չափանիշ, որովհետև հարցի հետևից գնալիս ես ինքս ինձ համար հետևյալ եզրակացությունն եմ արել, որ արդարությունը և արդարադատությունը համապատասխանությունն են Սահմանադրությանը և օրենքներին: Բայց ի՞նչ անել այն դեպքում, երբ հենց Սահմանադրությունն օրգանական կապ չունի իշխանության բարձրագույն աղբյուրի հետ: Այս դեպքում ինչ ուզում ես արա, արդարության և արդարադատության զգացողությունը չի լինելու, որովհետև Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, իսկ մենք պետք է խոստովանենք, որ այդպիսի Սահմանադրություն չունենք և երբեք չենք ունեցել, իսկ երբ այդ կամքի աղբյուրը, որտեղից դե յուրե բխում են արդարությունը և արդարադատությունը, խզում ունի ժողովրդի հետ, այդ մեխանիզմի գործարկումը երբեք չի կարող ընկալվել ժողովրդի կողմից որպես արդարություն և արդարադատություն:
Ուզում եմ ասել, որ սա չեմ ասում որպես ՀՀ վարչապետ, ես ասում եմ որպես ՀՀ քաղաքացի, որովհետև ես ինքս էլ չունեմ ՀՀ-ում արդարության և արդարադատության զգացում ինստիտուցիոնալ առումով, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը մենք պետք է լուծենք»,- ասաց նա:
Այս առումով Փաշինյանը կարևորեց ԵՄ կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը:
«Մեր խնդիրը չէ մեր սխալները քողարկելը, փորձել ցույց տալ, որ ամեն ինչ լավ է և կատարյալ է: Ընդհակառակը եվրոպական և միջազգային մի շարք ինստիտուտների հետ մեր համագործակցության առանցքային նպատակն է, որ ունենանք որոշակի մեխանիզմներ՝ հնարավոր թույլ տված սխալներն ուղղելու համար, որովհետև եթե մենք առաջնորդվենք այն կանխավարկածով, որ պիտի հասնենք այնպիսի վիճակի, որ չսխալվենք, դա ճիշտ չէ, որովհետև այսօր, երեկ և վաղը սխալվում են բոլորը, այդ թվում, ամենայն հարգանքով, եվրոպական ինստիտուտները, բոլորը, մարդը, ընդհանրապես մարդը, մարդը սխալական է, և մենք չպետք է խնդիր դնենք, որ չպետք է սխալվենք, որովհետև երբ այդ խնդիրը դնում ենք, առաջ շարժվելու մեր ճանապարհները փակում ենք»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ պետք է ամեն ինչ անել, որ այդ սխալները լինեն թեթև, և լինեն ուղղելու մեխանիզմներ: