«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի. Գագիկ Համբարձումյանը երդվեց
Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը:
Մինչ օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց՝ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 30 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Համբարձումյանին:
Ազգային ժողովի կազմը համալրած Համբարձումյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց ԱԺ ամբիոնից.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ-ի ինքնիշխանությանը և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար:
Շնորհակալություն»:
«Շնորհակալություն, շնորհավորում ենք պարոն Համբարձումյանին»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել էր ԱԺ նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։
ԿԸՀ-ն Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել էր նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Սարգսի Համբարձումյանին։
Նշենք, Թադևոս Ավետիսյանն ավելի վաղ ընտրվել էր Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ: