Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

Ազգային ժողովի՝ ապրիլի 14-ի նիստի մեկնարկին ներկայացվեց ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը:

Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը այն ներկայացնելիս նշեց, թե ծառայությունից հետո զինծառայություն անցածները մասնակցում են նաև վարժական հավաքների, իսկ զինծառայությունից խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում:

«Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 մլն դրամ, այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը: Առաջարկում եմ նույն սկզբունքով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 մլն դրամ և բաշխել 10 զինվորների միջև՝ ամեն մեկին տրամադրելով 1,5 մլն դրամ: Առաջարկում եմ նաև քաղաքացիությունից հրաժարվելուն տալ այլընտրանք, վճարել նույն 15 մլն դրամը և ծառայել 1 ամիս»,- ասաց նա՝ խնդրելով հնարավորություն տալ, որպեսզի նախագիծը քննարկվի լիագումար նիստերի դահլիճում:

«Խոստանում եմ ընդունել բոլոր՝ պետության համար շահավետ առաջարկները»,- հայտարարեց նախագծի հեղինակը:

Հարակից զեկուցող Արտյոմ Մեհրաբյանն ասաց, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ստացել է բացասական եզրակացություն: Կառավարությունը ևս դեմ է արտահայտվել նախագծին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը հայտարարեց՝ առաջնորդվելու են գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ, իսկ գլխադասային հանձնաժողովը դեմ է քվեարկել նախագծին:

Քվեարկության արդյունքում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը» 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցին կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 6:

Հայկ Սարգսյանը հայտարարեց՝ առաջիկայում քննարկումները շարունակվելու են Կառավարության և ՊՆ-ի հետ, ապա վստահություն հայտնեց, որ մեխանիզմներ են ներդրվելու, որպեսզի լինեն հավասար պայմաններ բոլորի համար:

«Միայն կարծում եմ՝ կարող է չհասցնենք մինչև ամառային զորակոչ, և այս ամառ զորացրվողները չեն ստանա այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել էր ծառայությունից խուսափած և կարճաժամկետ ծառայություն անցնող տղաների վճարների գումարներից»,- ասաց նա:

Այս թեմայով
am