Գերմանացի լրագրողները ՀՀ ԱԺ-ում հետաքրքրվել են տարածաշրջանային զարգացումներով

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Գասպարյանն ապրիլի 9-ին հանդիպել են Գերմանիայի կաթոլիկ եկեղեցու «Ռենովաբիս» հիմնադրամի տնօրեն Թոմաս Շվարցի, աշխատակիցների եւ գերմանացի լրագրողների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ ԱԺ պատգամավորները կարեւորել են հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Արման Եղոյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտները, խոսել եվրոպական ընտանիքին միանալու հայկական կողմի ձգտումներից:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Գերմանացի լրագրողները հետաքրքրվել են տարածաշրջանային զարգացումներով, ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմամբ, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղի ունեցող գործընթացներով:

Արման Եղոյանը հյուրերի խնդրանքով նաեւ խոսել է մեր երկրում կրոնական ազատության իրավունքի ապահովման, ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքներին առնչվող թեմաներից: Պատգամավորը տեղեկացրել է, որ մեր երկրում վերջիններիս իրավունքները պաշտպանված են, իսկ Սահմանադրությունը երաշխավորում է խորհրդարանում ազգային փոքրամասնությունների պարտադիր ներկայացվածությունը:

Այս թեմայով
am