Ի՞նչ ուղերձ է հղում Ծառուկյանը ընտրություններից առաջ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հարցազրույցը նախընտրական այս բարդ փուլում կարելի է բնորոշել որպես «սթափության մանիֆեստ»։ Այն ժամանակ, երբ քաղաքական դաշտը շարունակում է բևեռանալ ծայրահեղ դիրքորոշումների միջև, նա փորձում է հանրային քննարկումը վերադարձնել կենսական նշանակություն ունեցող երկու առանցքների՝ տնտեսական անվտանգություն և ներքին համերաշխություն։
Ծառուկյանի հիմնական մտահոգություններից մեկը տնտեսական հնարավոր արկածախնդրությունն է։ Նրա վերլուծության հիմքում դրված է ոչ թե գաղափարական ընտրությունը, այլ տնտեսական գոյատևման հրամայականը։
ԵԱՏՄ շուկայի կենսականությունը
Որպես գործնական քաղաքական գործիչ՝ նա մատնանշում է ակնհայտ իրողություն․ հայկական արտադրությունն ու բիզնեսը խորապես ինտեգրված են ԵԱՏՄ շուկային։ Նրա գնահատմամբ՝ կտրուկ վեկտորային փոփոխությունները կարող են ոչնչացնել տարիների ընթացքում ձևավորված տնտեսական կապերը՝ երկիրը կանգնեցնելով լուրջ ցնցումների առաջ՝ հիշեցնելով 90-ականների ծանր փորձը։
Եվրոպական հեռանկարի սթափ գնահատում
Միևնույն ժամանակ, Ծառուկյանը չի ժխտում Արևմուտքի հետ համագործակցության կարևորությունը, սակայն զգուշացնում է «գեղեցիկ խոսքերի» ազդեցությանը տրվելու վտանգից։ Նրա համոզմամբ՝ քանի դեռ չկան հստակ առաջարկներ և գործնական այլընտրանքներ, գործող համակարգերից հրաժարվելը ոչ թե ռազմավարություն է, այլ ռիսկային քայլ՝ ժողովրդի սոցիալ-տնտեսական կայունության հաշվին։
Խաղաղության բանաձև․ ուժեղ պետություն՝ որպես երաշխիք
«Պատերազմի կուսակցություն» պիտակավորումների համատեքստում Ծառուկյանը փոխում է քննարկման տրամաբանությունը։ Նրա ընկալմամբ՝ խաղաղությունը չի կարող լինել միայն բարի կամքի դրսևորում, այլ պետք է լինի կազմակերպված ուժի արդյունք։
«Թուլությունը խաղաղություն չի բերում, այն նոր սպառնալիքներ է առաջացնում»՝ այս ձևակերպումն է բնորոշում նրա ռազմավարական մոտեցումը։ Խաղաղությունը, ըստ նրա, պետք է լինի ոչ թե ցանկալի, այլ երաշխավորված՝ պետական ինստիտուտների ամրությամբ և գործող դաշնակցային համակարգերով։
Ներքին պառակտման մերժում․ «կոտրված ողնաշարի» սինդրոմ
Ծառուկյանի խոսքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հասարակության ներքին վիճակի գնահատականը։ Նրա մտահոգության կենտրոնում մարդկանց միջև խորացող բաժանումներն են։
ԲՀԿ առաջնորդը հստակ շեշտում է՝ հասարակությունը «ռուսամետների» և «արևմտամետների» բաժանելը վտանգավոր է պետականության համար՝ այն բնորոշելով որպես «երկրի ողնաշարը կոտրող» երևույթ։ Այս ուղերձը հստակ է․ արտաքին քաղաքական ուղղությունները չպետք է վերածվեն ներքին հակամարտության աղբյուրի։
Կամուրջների կառուցում՝ որպես քաղաքական նպատակ
Նա իր քաղաքական թիմի առջև դնում է հասարակական համերաշխության վերականգնման խնդիր։ Սա ոչ միայն արժեքային, այլև ռազմավարական նպատակ է, քանի որ առանց ներքին միասնականության որևէ արտաքին մարտահրավեր հաղթահարել հնարավոր չէ։
Ռազմավարական գործընկերություն․ վերաիմաստավորման անհրաժեշտություն
Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմայում Ծառուկյանը չի սահմանափակվում ավանդական ձևակերպումներով։ Նա խոսում է գործընկերության վերակառուցման մասին՝ հիմնված փոխադարձ պատասխանատվության սկզբունքի վրա։ Սա ենթադրում է անցյալի սխալների ընդունում և ավելի գործնական, հավասարակշռված հարաբերությունների ձևավորում, որտեղ Հայաստանը հանդես կգա որպես լիարժեք սուբյեկտ։
Նախընտրական համագումարից առաջ հնչող այս ուղերձները վկայում են, որ Բարգավաճ Հայաստան կուսակգությունը փորձում է դիրքավորվել որպես «խոհեմության կենտրոն»։ Տնտեսական պրագմատիզմը, դաշնակցային հարաբերությունների վերաիմաստավորումը և ներքին համերաշխությունը ներկայացվում են որպես այն երեք հիմնասյուները, որոնց վրա կարող է կառուցվել պետության անվտանգային նոր ճարտարապետությունը։
Սա առաջարկ է՝ հրաժարվել էմոցիոնալ ցնցումներից և անցնել երկարաժամկետ, հաշվարկված զարգացման տրամաբանության և ռազմավարության։
Մարգարիտա Դավթյան
«Մեգանյուզ» վերլուծական