Փորձում ենք չարձագանքել Ադրբեջանից հնչող ցավալի հռետորաբանությանը մեկ պատճառով՝պահպանելու գործընթացը և հասնելու խաղաղության․ ԱԳ փոխնախարար

Եվրամիությունը մեզ համար դառնում է շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Հարցազրույցից մի հատված՝ ստորև․
-2024 թվականին Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցան բազմաթիվ կարևոր իրադարձություններ․ խոսքն այս պարագայում վերաբերում է, օրինակ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն ու ակտիվացմանը և այդ ուղղությամբ կողմերի գործադրած ջանքերին։ Պարոն փոխնախարար, ինչպե՞ս կբնութագրեք Երևանի և Բրյուսելի միջև երկխոսության ներկա մակարդակը, ի՞նչ գործընթացներ են սպասվում առաջիկայում` տնտեսական ոլորտ, ՀՀ-ում ԵՄ դիտորդներ, որոնց առաքելության ժամկետը Բրյուսելի կողմից օրեր առաջ երկարաձգվեց ևս 2 տարով։
-Նման ինտենսիվ ժամանակաշրջան, թերևս, Եվրամիության հետ չէինք ունեցել։ Այն սկսվեց Եվրոպական պառլամենտում 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետի ելույթով, որտեղ հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ այնքանով, ինչքանով Եվրամիությունը պատրաստ է դա անել։ Դրան հետևեցին Եվրամիության կողմից սատարող հայտարարություններ և սկսվեցին գործընթացներ, որոնց նպատակն էր բարձրացնել Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Հիմնական ուղղությունը գործընկերության նոր օրակարգի ստեղծումն է, և այդ բանակցությունները կավարտվեն գալիք շաբաթների ընթացքում, բայց դրա հետ զուգահեռ տեղի ունեցան նաև այլ կարևոր զարգացումներ։ Նշեցիք անվտանգության ոլորտը․ Եվրամիությունը մեզ համար երբևիցե չի եղել այդպիսի կարևոր դերակատար։ Այժմ մեր սահմաններին Եվրամիության դիտորդների ներկայացմամբ, նոր ձևաչափերով, ինչպիսիք են քաղաքական և անվտանգային երկխոսությունը, որը նոր մեխանիզմն է և այլ նախաձեռնություններով Եվրամիությունը մեզ համար դառնում է շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Նշենք նաև Եվրոպական խաղաղության գործիքը, որից մենք արդեն օգտվում ենք, և որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր 2024 թվականի հուլիսին՝ մեկ այլ շատ կարևոր որոշման հետ մեկտեղ, որն արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի որոշումն էր։ Երկար տարիներ փորձում էինք դա ապահովել, և գիտեք, թե մի խումբ գործընկերներ ինչքան զուսպ են վերաբերվում միգրացիոն ոլորտի հետ կապված հարցերին, սակայն մեզ հաջողվեց ապահովել այդ որոշման ընդունումը, և արդեն դեկտեմբերին մեկնարկեցին բովանդակային բանակցությունները վիզաների ազատականացման շուրջ։ Այդ նույն տարվա ընթացքում միացանք Եվրոջասթ, Եվրոպոլ կառույցներին, որոնք արդարության, հանցանքների դեմ պայքարի կարևոր գործիքներ են։ Դրա հետ մեկտեղ Եվրոպական պառլամենտի հետ շարունակվում է շատ սերտ համագործակցությունը և, իհարկե, այս տարի կստորագրենք գործընկերության նոր օրակարգը, սպասում ենք բարձրաստիճան այցեր թե՛ Բրյուսել, թե՛ Երևան։ Իհարկե, այդ առումով այս դինամիկան կպահպանվի և կզարգանա։ Եվրամիությունը շարունակում է մնալ մեր կարևորագույն դոնորը, կարևորագույն աջակիցը՝ ժողովրդավարության գործընթացների հետ կապված։ Եվրամիության մի շարք անդամ երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ արագ տեմպերով։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը ևս 2 տարով երկարաձգելը շատ կարևոր որոշում էր․ դիտորդական առաքելությունը մեծ դեր է խաղում մեր անվտանգության ապահովման գործընթացում, մեր սահմանների այդ մոնիթորինգը ոչ միայն նպաստել է միջադեպերի նվազեցմանն, այլև իրազեկության մակարդակը Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում զգալի աճել է։ Այժմ երրորդ՝ անկողմնակալ դիտորդի աչքերով է իրավիճակը դիտվում։ Դա նաև մեծ դեր է խաղում մեր սահմանամերձ շրջաններում բնակչության ինքնավստահության մակարդակի բարձրացման առումով։ Այդ առաքելությունն օգնում է նաև ենթակառուցվածքային գործունեության առումով մեր մի շարք պրոյեկտներին․ այսպես, օրինակ, չվերթը դեպի Կապանի օդանավակայան նույնպես վերահսկվում է դիտորդների կողմից։
Շատ ենք կարևորում (խմբ․ նկատի է առնվում ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեությունը), և արտգործնախարարի մակարդակով անմիջապես արձագանքեցինք ու պատրաստ ենք սերտ համագործակցել դիտորդների հետ։
-Տևական ժամանակ է, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են հարաբերությունների կարգավորման շուրջ։ Չնայած առկա բարդություններին, հավանական պայմանագրի համաձայնեցված և չհամաձայնեցված հոդվածներին ու Բաքվի կողմից հաճախ հնչող սպառնալիքներին՝ Երևանը մշտապես հաստատակամություն է հայտնում այդ բանակցությունները վերջնական խաղաղության պայմանագրի հասցնելու մասին։ Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս կբնութագրեք և կգնահատեք Երևան-Բաքու բանակցությունների ներկա ընթացքը և արդյոք հավանական համարո՞ւմ եք, որ խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել 2025 թվականին։
-Բնական է, հնարավոր ենք գտնում և դրանով է պայմանավորվում, որ շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ վարչապետը, թե՛ արտգործնախարարը վերջերս անդրադարձել են այդ գործընթացներին։ Այստեղ կարող եմ միայն հաստատել, որ թե՛ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու, ինչին իսկապես շատ մոտ ենք, թե՛ դելիմիտացիայի պրոցեսն առաջ տանելու, որտեղ ունենք դրական դինամիկա, թե՛ կոմունիկացիաների բացման հարցում մեր մոտեցումները կոնստրուկտիվ են, նպատակ ունեն իսկապես հասնելու կայուն խաղաղության։ Փորձում ենք նաև չարձագանքել մեր հարևան երկրից հնչող երբեմն ցավալի հռետորաբանությանը միայն մեկ պատճառով՝ պահպանելու այդ գործընթացը և, ի վերջո, հասնելու խաղաղության այս տարածաշրջանում, որը երկար տարիներ տուժել է հակամարտություններից։ Սա կլինի նաև այս տարվա մեր կարգախոսը։ Ջանքեր չենք խնայի այդ առումով, աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ աջակցելու այդ գործընթացին և, իհարկե, պետք է հավատանք, որ կհասնենք արդյունքի։